Հայաստանում կա ավտոմեքենաների կուտակում, քանի որ ՌԴ-ում և Վրաստանում օրենքներ փոխվեցին. Վարդան Օնանյան
2023 թվականին Հայաստան ներմուծված մեքենաների թիվը 2022 թվականի համամատ կրկնակի ավել էր, սակայն 2022 թվականին դրանց արտահանման կտրուկ և անսպասելի աճից հետո, 2023 թվականի սկզբին գրանցվեց արտահանման գագաթնակետը, որից հետո այն կտրուկ անկում է գրանցում։
2023 թվականի առաջին 10 ամիսների կտրվածքով Հայաստանի արտահանման 7.2 %-ը եղել է մարդատար ավտոմեքենաները, բայց նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների ներմուծումը կազմել է ընդհանուրի 10.5 %-ը։ Փորձագետների գնահատականներով՝ Հայաստանում կա ներկրված ավտոմեքենաների լճացում, դրանց մեծ մասը չի իրացվել։
Ավտոներկրող ընկերությունների գործունեության ոլորտում առկա խնդիրենրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Ամերիքան գլոբոլ գրուփ» ընկերոթյան հիմնադիր Վարդան Օնանյանի հետ։
Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում առկա իրավանորմատիվային կարգավորումները ավտոներկրող ընկերությունների գործունեության համար։
Վ. Օնանյան-Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ոչ բարով իշխանությունները մարդկանց հացի փող աշխատելուն նպաստելու փոխարեն, մի բան էլ խոչընդոտում են։
Նախորդ տարվա վերջին պետությունը շահութահարկի հետ կապված օրենքի փոփոխություն կատարեց, ինչի դեմ ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչներով ընդվզեցինք, բայց ընդամնեը հասանք նրան, որ մինչև դեկտեմբերի 1-ն արդեն Հայաստան եկած մեքենաների վրա չտարածեցին օրենքի փոփոխությունը։ Այն մեքենաները, որոնք պատրաստ չէին գրանցման, ասացին՝ առքուվաճառք ձևակերպեք, դրանք հին կարգով կհարկվեն։ Դրանից հետո ներմուծվող մեքենաներն արդեն նոր կարգով կհարկվեն։ Այդ փոփոխությունները փաստացի մեքենաների գների վրա ազդում են, թանկանում են։ Նոր կարգավորումով բիզնեսից, ձեռնարկատիրոջից շահութահարկը հարկում են 1.2 գործակցով, ինչը մինչև 10 հազար դոլար արժողությամբ մեքեննաների համար 600-800 դոլար թանկացում է նշանակում՝ կախված շարժիչի ծավալներից և արտադրության տարեթվից։
Մենք միջազգային բեռնափոխադրող ընկերություն ենք, միայն մեքենաներ չենք ներմուծում, բայց կան բացառապես մեքենաներ ներկրող ընկերություններ, որոնք իրենց մաշկի վրա կզգան այդ փոփոխությունները։
Panorama.am-Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում կա ներկրված ավտոմեքենաների իրացման խնդիր, կուտակումներ։
Վ. Օնանյան-Հայաստանում կան կուտակված ավտոմեքենաներ, քանի որ ՌԴ-ում և Վրաստանում օրենքներ փոխվեցին։ Ռուսաստանում կա «Վերամշակման տուրք»-ի նորմ, որում էլ փոփոխություն արեցին։ Նախկինում, երբ ՌԴ-ից գալիս և Հայաստանից մեքենա էին գնում, այնտեղ քիչ հարկերով գրանցում էին իրենց վրա։ Այսօր Ռուսաստանը պարտադրում է, որ ՌԴ քաղաքացին այնտեղ այդ վճարումներն անի, ինչը, բնականաբար, ազդել է Հայաստանից ՌԴ արտահանման ծավալների վրա։ Նաև Վրաստանը Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների շրջանակներում թույլ չի տալիս իր տարածքով թանակարժեք մեքենաների տարանցումը դեպի ՌԴ, այդ պատճառով էլ Հայաստանում լճացում կա։