Ինչպես բլոգեր թոռնիկն 83-ամյա տատիկին մոդել դարձրեց
83-ամյա Հռիփսիմե տատիկը դարձել է մոդել՝ գովազդելով Մոսկվայում, Դուբայում ու Լոնդոնում զարդերի վաճառքով զբաղվող ընկերության մատանիները։
Տատիկի և նրա ձեռքերի լուսանկարները հրապարակվել են խանութի ինսթագրամյան էջում։ 83-ամյա հայ կինն ապրում է Վրաստանում՝ Ախալցխայի շրջանի հայաբնակ Նաոխրեբի գյուղում։
«Տատիկի ձեռքերը. ինչքան պատմություն կա այստեղ։ Ինչքան կարևոր են դրանք յուրաքանչյուրի համար։ Դա նման է տելեպորտացիայի դեպի մանկություն, դեպի ջերմություն, դեպի սեր»,-նշվում է տատիկի ձեռքերի լուսանկարին կից գրառման մեջ։
Գյուղի դպրոցի տնօրեն Վիկտոր Մուրադյանն օգնեց Panorama.am-ին գտնել տատիկի թոռանը՝ Շուշոն։ Պարզվեց՝ հենց թոռնուհին էլ ճանապարհ է հարթել տատիկի համար։
«Տատիկը շատ ծեր է, վատառողջ է, վախենամ՝ խոսել չկարողանա»,-փոխանցեց Շուշո Ղազարյանը։
Նա ինսթագրամում հազարավոր հետևորդներ ունի, իր էջում ներկայացնում է Նաոխրեբիի ավանդույթները, կյանքը, հարցազրույցներ գյուղի տարեցների հետ։
Մի անգամ սոցկայքի իր էջում իր տատիկի ձեռքերի լուսանկարը հրապարակեց՝ շյուղերով գործելիս։
Զարդերի խանութի հիմնադիրն էլ իրենց գյուղից է։ «Նրան դուր եկավ իմ հարցազրույցները տարեցների հետ, իմ վերաբերմունքը տատիկների նկատմամբ։ Որոշեցինք նրա հետ միասին նկարել տատիկին զարդերի գովազդի համար»,-պատմում է Շուշոն։
Նրա խոսքով, լրագրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տատիկի նկատմամբ, սակայն հիմա լեռնային գյուղ հասնելն այնքան էլ հեշտ չէ։
Հռիփսիմե տատիկը չորս երեխա ունի, տասը թոռ, թոռան յոթ երեխա. արմատներով Էրզրումից է։
«Նա շատ հետաքրքիր բնավորություն ունի։ Ձեռքերը... տարիքն ու հողի աշխատանքն իրենց հետքն են թողել տատիկիս ձեռքերին»,-ասում է թոռնիկը։