Առաջ ես համաձայն չէի, որ կիթառով պետք է նվագել հայկական երաժշտություն. ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյան
«Իմ աշխատանքի նպատակն է կիթառահարների մոտ բարձրացնել ընդհանուր երաժշտական ճաշակը։ Վստահ եմ՝ կիթառահարների գրեթե 90 տոկոսը ծանոթ չէ համաշխարհային երաժշտության գրականության հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը։
Նա նշեց, որ հիմնականում կրկնօրինակում են լավագույն 5-6 երաժշտի կատարումները։
«Դա չեմ համարում ճիշտ մոտեցում։ Նվագելուց պետք է կատարես այնպես, ոնց որ քո գրած ստեղծագործությունը, պետք է մի բան փոփոխվի, որ դիմացինին հետաքրքիր լինի»,- ասաց պրոֆեսորը։
Հարցին՝ կիթառը լինելով իսպանական գործիք, հե՞շտ է այն տեղայնացնել, նվագել հայկական, նաև հայկական հոգևոր երաժշտություն, Հակոբ Ջաղացպանյանն ասաց. «Առաջ ես համաձայն չէի, որ հայկական երաժշտություն պետք է նվագվի կիթառով, բայց հետո հասկացել եմ՝ գործիքը մեծ հաշվով դեր չի խաղում այստեղ։
Կիթառով շատ մեծ հաճույքով լսում եմ և Կոմիտաս, և Բաբաջանյան՝ նայած, թե ինչպես է այն մշակված։ Մշակումը պետք է պրոֆեսիոնալ արվի ու կախված է, թե ինչպես ես կատարում»։
Այսօր միջազգային բեմերում Հայաստանից ելույթ ունեցող հիանալի կիթառահարներ կան։ Պրոֆեսորը վստահ է, որ առաջիկայում էլ կունենանք. «Դժվար մասնագիտություն է։ Շատ լավ ուսանողներ ունենք, միջին տարիքի երեխաներ կան, ովքեր շատ լավ նվագում են։
Իհարկե, տարիներ առաջ շատ ավելի շատ էր տաղանդավոր, շնորհքով երեխաների քանակը։ Հիմա նվազել է նրանց թիվը հեռախոսների, համակարգիչների պատճառով։ Շփում չկա, գրեթե չեն գնում համերգների»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան