Քաղաքային իշխանությունները պետք է պարտադրեն ջերմոցային տնտեսություններին պահպանել «մութ երկնքի օրենքը». Քրիստինա Վարդանյան
Մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են գիշերը Երևանի հարավ- արևմտյան շրջանում լուսավորված երկնքի մասին։ Հետագայում պարզվել է, որ այն «Սպայկա» ընկերության՝ Նորագավիթի հարևանությամբ գտնվող ջերմոցային համալիրի նոր լուսավորման համակարգի լույսերն են։ Հզոր ցերեկային լուսարձակները տեղադրվել են գիշերվա ժամերին բույսերի ֆոտոսինթեզը և արագ աճն ապահովելու համար, սակայն այն վնասակար է շրջակա միջավայրի մասնավորապես՝ մարդու առողջության համար։
Մարդու առողջության վրա ցերեկային լուսարձակների բացասական ազդեցության մասին Panorama.am-ը զրուցեց ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ։
«Չնայած ջեմոցային արտադրության ողջ արդիականությանը, այն ունի մի մեծ բացասական կողմ։ Մթության մեջ բարձր լուսավորության պատճառով մեր քաղաքի վրա հայտնվում է բավական մեծ փայլ, իսկ սա շրջակա միջավայրի լուսային աղտոտում է, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու օրգանիզմի և կենսաբազմազանության վրա։
Լուսային աղտոտվածությունը բացասաբար է անդրադառնում հատկապես մարդկանց առողջության վրա՝ մարդը պետք է քնի մթության մեջ, հակառակ դեպքում խախտվում են ցիրկադային ռիթմերը, առաջ են գալիս քնի հետ կապված կենսաբանական խնդիրներ, և օրգանիզմը չի կարող լիովին հանգստանալ։
Պայծառ արհեստական կամ բնական լույսը մարդուն օգտակար է օրական ընդամենը յոթ ժամ։ Այնուհետև նյարդային համակարգը գրգռումից պետք է անցնի արգելակման: Զսպված ջերմ լույսը կարող է օգնել դրան: Օրգանիզմում մելատոնինի մակարդակը պետք է փոխվի։ Այս հորմոնը պատասխանատու է ոչ միայն քնի, այլև տրամադրության համար։ Մելատոնինի սինթեզը տեղի է ունենում աչքերի կողմից լույսի ընկալման շնորհիվ։ Որոշակի նեյրոֆիզիոլոգիական պրոցեսների միջոցով հորմոնն ազդում է նյարդային համակարգի և ընդհանուր հոգեկան վիճակի վրա»։
Քաղաքային իշխանությունները պետք է որոշում ընդուեն և պարտադրեն, այն ջերմոցային տնտեսություններին, որոնք օգտագործում են բարձր հզորությամբ լամպեր, պահպանել «մութ երկնքի օրենքը», ինչպես արվում է աղմուկի մակարդակի կարգավորման հարցում»,-ասաց Քրիստինա Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տարվա ընթացքում բացահայտել ենք լուրջ բացեր օդի աղտոտվածության, կանաչ տարածքների մասով. Ինգա Զարաֆյան
- Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում