Չի կարող Փաշինյանի հանձնարարությամբ որևէ անձ մտնի կամ չմտնի Հայաստան. Արծվիկ Մինասյան
«Վարչական դատարանի հրապարակված որոշումը շատ հստակ և համակարգային վերլուծությունների միջոցով ճանաչել է իրավահարաբերության բացակայությունը և ԱԱԾ-ին պարտավորեցրել է, որպեսզի հանեն Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի տվյալներն անցանկալի անձանց ցուցակից»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։
Ա.Մինասյանը հիշեցրեց, որ բացի Մ. Փափազյանից և Մ.Աբրահամյանից, ՀՀ-ի համար անցանկալի անձիք էին ճանաչվել նաև Ասլան Ասլանյանը, Արթուր Նժդեհ Քարաքավորյանը և Սյունե Աբրահամյանը։ Նրանց վերաբերյալ գործերը գտնվում են իրավական տարբեր գործընթացներում։
«Այս դեպքերն ուղիղ կապված են քաղաքականության հետ։ Այսօրվա իշխանության զավթողական քաղաքականությունն ու նաև մարդու իրավունքների տոտալ ոտնահարումը բոլոր ուղղություններով ակնհայտ մեզ ցույց է տալիս, որ այս ընթացքն այլևս չի կարող շարունակվել, նույնիսկ միջազգային դերակատարներն, ովքեր այս իշխանությանը գրկաբաց, փաղաքշանքով, իրենց տարբեր նպատակներից ելնելով շոյում էին, այլևս իրենց համար էլ է ակնհայտ դառնում, որ մարդու իրավունքի ամենապարզ ոտնահարում է տեղի ունենում»,- ասաց Մինասյանը։
Նա համոզված է, որ այսօրվա քաղաքական մեծամանությունն իր գործադիր իշխանության ղեկավարով փորձելու է ամեն ինչ անի, որպեսզի այս հստակ, բարձր պրոֆեսիոնալ իրավական լուծումը չեղարկվի, ոչնչացվի։
«Եթե մի անձի ցանկությամբ ոտնահարվում է հայ մարդու և այն էլ հայրենիքի հոգսերով ապրող, պայքարող հայի իրավունքը, դեմը փակվում է հայրենիքի մուտքը, սա նշանակում է, որ համակարգային խնդիրը պետք է լուծում ստանա։ Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ որևէ անձ մտնի Հայաստան կամ չմտնի, առավել ևս այն անձը, ով քաղաքական իր ընդդիմախոսությամբ հստակ ցույց է տալիս իր վերաբերմուքը Հայաստանի դավաճանական իշխանության նկատմամբ։
Եթե այդ հիմնավորմամբ եք արգելում անձի մուտքը, նշանակում է շատ հստակ քաղաքական հետպանդման եք ենթարկում»,- ասաց Ա. Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ արդարադատությունը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անունները կհանվեն անցանկալի անձանց ցուցակից. դատարանը բավարարել է ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի հայցերը
- 16 ամիս է՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները. Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին
- Հայաստան իմ մուտքի արգելքի որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը. Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյանի գործով ՄԻԵԴ-ում շահելու դեպքում ունենալու ենք վարկանիշային մեծ անկում. Փաստաբան