Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը. Հովիկ Չարխչյան
Տարին հոբելյանական է հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի համար։ Գրողի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել են նախօրեին։ Ողջ տարվա ընթացքում ամենուր զգացվելու է սևակյան շունչը։
Panorama.am-ը զրուցել է գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ Պարույր Սևակի՝ հայ գրականության մեջ ունեցած անփոխարինելի դերի ու մինչ օրս նրա մտքերի արդիական լինելու «գաղտնիքի» մասին։
Panorama.am - Այսօր Պարույր Սևակն ամենաշատ մեջբերվող դասականներից է։ Ինչո՞վ եք բացատրում դա։
Հովիկ Չարխչյան- Մեջբերել Սևակին՝ նշանակում է զգալ անհրաժեշտությունը, նշանակում է՝ կանչել օգնություն, ունենալ թարգման սեփական ապրումների ու մտքերի համար: Նշանակում է փաստել ու հաստատել, որ Սևակն արդիական է:
Panorama.am - Կարծեք, Սևակը շատ ուսումնասիրված հեղինակներից է։ Արդյո՞ք նոր ասելիք կա: Նոր բացահայտումներ կարո՞ղ են լինել Սևակի կյանքի, ստեղծագործական գործունեության ընթացքի մասին։
Հովիկ Չարխչյան - Սևակի շատ ուսումնասիրված լինելը դեռ վկայությունը չէ այն բանի, որ գրական ժառանգությունն ու կյանքը ուսումնասիրվել են անհրաժեշտ խորությամբ ու ամբողջականությամբ: Գրողի անձնական արխիվն առ այսօր շարունակում է մնալ փակի տակ: Այս հանգամանքը ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Եվ ուսումնասիրողներին այլ բան չի մնում, քան որոնել-գտնել նոր աղբյուրներ, զուգահեռ ճանապարհներ, շրջանցող տաբերակներ: Այո, բացահայտումներ անպայման լինելու են՝ անկախ այն բանից, թե ովքեր և ինչու են ցանկանում կասեցնել նման ընթացքը:
Panorama.am - Եթե չլիներ Սևակը, հայ գրականության ո՞ր ուղղությունը բաց կլինի։
Հովիկ Չարխչյան - Եթե չլիներ Սևակը, չէր լինի սևակյան աշխարհը, սևակյան մտածողությունը և սևակյան հնչեղությունը: Սևակը նկարագիր ու երանգ է, ինչպես յուրաքանչյուր վառ անհատականություն գրականության մեջ: Ասել, թե այդ ուղղությունը կմնար բաց, այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես այն կլիներ այլ դիմագծերով և այլ շնչով:
Panorama.am - Սևակյան ո՞ր տողերը կարող եք հիշել, որը հնարավորինս կարող է բնութագրել հայաստանյան այսօրվա իրականությունը։
Հովիկ Չարխչյան - Սևակի «Նորօրյա աղոթքը» լիովին տալիս է այդ հարցի պատասխանը:
Panorama.am - Եթե այսօր ապրեր Սևակը, արդյո՞ք ակտիվ դիրքորոշում կհայտներ երկրում կատարվողի մասին ու չէր լռի, այդպիսի՞ն էր նա խառնվածքով։
Հովիկ Չարխչյան - Ստեղծագործությունն ինքնին դիրքորոշում է: Ակտիվ դիրքորոշում ներկայացնելու համար բոլորովին պարտադիր չէ, որ հնչեն հրապարակային ելույթներ և կամ համացանցը հեղեղեն ամենօրյա գրառումներով: Դիրքորոշումը նախ և առաջ գործողություն է, անձնական էության դրսևորում: Եվ Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը: Վկան՝ իր հանդեպ եղած սերն ու իր գրականության նկատմամբ աճող հետաքրքրությունը:
Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պարույր Սևակի ծննդյան օրն է
- Սևակյան տարվա մեկնարկը տրվեց «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդեսով
- Տարին սևակյան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան