Ու ի՞նչ, հիմա պետք է ամբողջ մարզը մի մեծ հանքավայր դառնա՞․ Դուլգարյան
«Համայնքային համախմբման ևա ջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Լոռին անսպառ է իր գեղեցկությամբ, հմայքով և պաշարներով, ու ի՞նչ, հիմա պետք է ամբողջ մարզը, իր գյուղերով, տարածաշրջաններով մի մեծ հանքավայր դառնա՞ վերջնականապես։
Ոչ ավել, ոչ պակաս, ընկերությունը ցանկանում է ուսումնասիրել Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլագարակ և Փամբակ համայնքների միջակայքում գտնվող ալպիկ լեռնային տարածք, որը զբաղեցնում է մոտ 5149.7221 հա։ Մետաղներ փնտրելու և գտնելու դեպքում, բնականաբար, ցանկություն է առաջանալու արդյունահանման։
Լավ, մենք Արմանիսի հանքավայրի վիճակը, դրա շրջակայքը չենք տեսնու՞մ։ Լավ, Փամբակ համայնքում Քարաբերդի և Արջուտի հանքավայրերը քի՞չ են, որ մի հատ նոր հանք էլ սկսենք դիտարկել։ Արջուտի մեկ հանք արդեն իսկ ունենալը բավարար չէ՞, առանց այն էլ գյուղը էկոցիդի ռիսկի ներքո ապրող գյուղ է, ունեն մի հանք, ու մի հատ Վանաձորի աղբավայր, որը պարբերաբար ծխում է, իսկ մարդիկ այդ գյուղում չարչարվում են, որ գյուղատնեսություն զարգացնեն, տուրիզմ զարգացնեն։
Վաղը ժամը 11։00-ին Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, ժամը 14։00-ին Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրում, ժամը 16:30-ին, Փամբակ համայնքի Արջուտ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Սագամար» ընկերության կողմից փորձաքննության ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումները։
Նախկին փորձերը հաշվի առնելով, երբ բոլոր լսումներին շրջում էին արդեն իսկ կողմնակիցների խմբեր, որի ընթացքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտում դեմ քաղաքացիները կաշկանդվում են արտահայտվել, խիստ կարևոր է գիտակից հանրության և ԶԼՄ-ների մասնակցությունը։
Հատկապես կարևոր է, երբ վերջին շրջանում տեսնում ենք լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների շարան, կամ երբ հաշվի չի առնվում քաղաքացիների բարձրացրած ձայնը։
Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, համայնքի բնակիչներ, ԶԼՄ-ներ, ձեր մասնակցությունը խիստ կարևոր է, և վաղը անպայման աշխատեք մասնակցել քննարկումներին, պաշտպանել արտահայտվողների շահերը, պաշտպանել մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու և արարելու իրավունքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին