Գյումրու դարբնագործության պատմության մեջ նոր էջ է կերտվելու. Ռեպորտաժ ռուսական հեռուստաալիքից
Գյումրի քաղաքի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Հենց այս թեմային իր ռեպորտաժում անդրադարձել է «Россия-Культура» համառուսաստանյան պետական դաշնային հեռուստաալիքը։
«Ամեն օր իր առավոտը Գարիկ Պապոյանը սկսում է վառարանը վառելով։ Յոթերորդ սերնդի դարբինը չի պատկերացնում իրեն առանց իր արհեստի, իսկ այժմ նա հանգիստ է վերաբերվում մասնագիտության ապագային, քանի որ Գյումրու դարբնագործության ավանդույթները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,- ասվում է ռեպորտաժում։
«Հիմա շատերն իրենց դարբին են համարում, բայց իրականում սա անհետացող արհեստ է, քանի որ եթե վարպետը եռակցման մեքենա կամ բալգարկա է օգտագործում, սա արդեն մաքուր դարբնություն չէ։ Մենք՝ իսկական դարբիններս, պետք է պահպանենք աշխատանքի հնագույն մեթոդները»,- ասում է դարբին Գարիկ Պապոյանը։
«Դարբնագործության ավանդույթների պահպանումը հատկապես կարևոր է Գյումրու համար, քանի որ քաղաքի ճարտարապետական ինքնության առանձնահատուկ բաղադրիչը շենքերի պատերի, դարպասների և պատուհանների դարբնոցային նախշերն են»,- նշում է թղթակից Աննա Շուստերը։
Փորձագետները համոզված են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելը կօգնի արհեստին պահպանել իր որակը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցումը մեծացնում է վարպետների պատասխանատվությունը, և նույնքան կարևոր է, որ նրանք չդադարեն նոր աշակերտների սովորեցնել»,- նշել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աղասի Թադևոսյանը։
Արհեստը պահպանելու համար անհրաժեշտ է աջակցել ոչ միայն արհեստավորներին, այլև մասնագիտացված ուսումնական հաստատություններին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս հարցում նշել է դրանցից երկուսի առանձնահատուկ դերը՝ Գյումրու Արվեստի պետական ակադեմիայի և Գյումրու արհեստագործական ուսումնարանի։ 20-րդ դարի կեսերին հնագույն ավանդույթները գործնականում կորել էին։ Թերևս հիմա Գյումրիի դարբնագործության պատմության նոր էջ կբացվի։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգության 55 նոր տարրերի մեջ, ներառել է Գյումրիու դարբնագործության ավանդույթները
- Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
- Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունն ըստ Աղասի Թադևոսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան