Եվրոպայի «ջութակի փոքրիկ արքայադուստր» Լեա Զուն կնվագի Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգին
Աշխարհահռչակ երիտասարդ ջութակահարուհի, Եվրոպայում հայտնի որպես «ջութակի փոքրիկ արքայադուստր» Լեա Զուն Հայաստանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով։ Նա հունվարի 27-ին Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգին հանդես կգա որպես մենակատար։
Ջութակահարուհի Լեա Զուն լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում։
«Շատ ուրախ եմ՝ այցելելով Հայաստան։ Արդեն մի քանի օր այստեղ եմ, Հայաստանի մասին շատ բան իմացա։ Մեծ պատիվ է հենց Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առիթով լինել Հայաստանում»,- նշեց Լեան։
Նա համերգին կատարելու է Տիգրան Մանսուրյանի Ջութակի թիվ 1 կոնցերտը։
«Ես սովորել եմ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, բայց դեռ չեմ նվագել նվագախմբի հետ։ Իսկ համերգին կկատարեմ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը։ Առաջին անգամ է, որ ես կատարելու եմ հայ կոմպոզիտորի աշխատանք»,- ասաց Լեա Զուն։
Հայաստանի պետական սիմֆոնnիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանի կարծիքով, մեծ ապագա ունի Լեա Զուն։
«Նա արդեն նվագել է լավագույն դիրիժորների ու նվագախմբերի հետ։ Լեա Զուն կայացած ու հաջողակ ներկա ունի, կունենա մեծ ապագա։ Ծանոթությունը Հայաստանի հետ սկսում ենք Տիգրան Մանսուրյանի երաժշտությունից»,- ասաց Ս. Սմբատյանը։
Նա ասաց, որ մաեստրո Մանսուրյանը լսել է Լեայի կատարումը, հավանել է։
Այսօր Լեա Զուն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ։ Նրանք հնարավորություն ունեցան շփվել նրա հետ, կիսվել փորձով և գիտելիքներով։
Ծագումով Չինաստանից բրիտանացի 17-ամյա ջութակահար Լեա Զուն փոքր տարիքից գրավել է ամենահեղինակավոր և աշխարհահռչակ փառատոների բեմերն աշխարհի ավելի քան 20 երկրներում՝ իր բացառիկ տաղանդով և ուշագրավ տեխնիկական հմտություններով:
2021թ. Լեան նշանակվելով Լոնդոնի Մոցարտ նվագողների ռեզիդենտ-արտիստ՝ ներգրավվում է նվագախմբում և հանդես գալիս որպես մենակատար, միաժամանակ կարևոր դեր խաղալով կրթական նախագծերի միջոցով իր հասակակիցներին ոգեշնչելու և մոտիվացնելու գործում:
2023/24թթ. բրիտանական համերգաշարի շրջանակում նա ելույթ է ունեցել այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիսք են Philharmonia Orchestra-ն, Royal Northern Sinfonia-ն, Oxford Philharmonic Orchestra-ն, RTÉ National Symphony-ն ի թիվս այլոց:
Լեա Զուն 14 տարեկանում իր առաջին դեբյուտն է ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ: 2022թ.-ին 15 տարեկանում նա դարձել է HarrisonParrott հիմնադրամի հովանավոր՝ կենտրոնանալով բոլոր սերունդների համար դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության ընդլայնման վրա և նույն տարի Լեա Զուն դարձել է ամենաերիտասարդ երաժիշտը դաշնակահար Բրյուս Լյուից (25 տարեկան) և դիրիժոր Կլաուս Մյակելյայից (26 տարեկան) հետո, ով ընդգրկվել է Classic FM-ի մինչև 30 տարեկան փայլուն երիտասարդ երաժիշտների ցանկում: