Աստված ինձ նվիրեց այս տարիքը, 85-ին հասնելու այս ուրախությունը. Տիգրան Մանսուրյան
«Վաղը մենք կարևոր համերգ ունենք»,- ասուլիսում իր խոսքը սկսեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
«Իմ պատասխանտու համերգներից մեկն է, անշուշտ։ 85, փառք Աստծո, Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու այս ուրախությունը։ Իմ 85-ամյակը կնշվի սիմֆոնիկ համերգով»,- ասաց մաեստրոն։
Կոմպոզիտորը խոստովանեց, որ աշխատանքից հաճույք ստանալը կյանքում ամենակարևոր բաներից է, և իր համար երաժշտությունը շարունակում է մնալ հաճույք։
Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները։
Ծրագրում՝ Տիգրան Մանսուրյան Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 1 և Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար թիվ 1, կհնչի Մանսուրյանի ինոերաժշտությունը։ Մենակատարներ՝ Սերգեյ Պոլտավսկի (ալտ), Լեա Զու (ջութակ), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ կարևոր է իր համար վաղվա համերգը։
«Հայաստանում և Հայաստանից դուրս պատկերացնում են տարբեր Տիգրան Մանսուրյաններ։ Համերգի ծրագիրը խոսում է հենց այդ մասին. առաջին բաժնում կհնչեն մաեստրոյի ստեղծագործություններ ալտի ու ջութակի համար։ Ալտի կոնցերտը շատ հայտնի է աշխարհում, նոմինացվել է «Գրեմմիի», երկրորդ բաժնում կլսեն ֆիլմերի երաժշտությունը՝ գրված մաեստրոյի մասին»,- նշեց նա։
Մաեստրո Մանսուրյանը խոսեց նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ իրենց համատեղ աշխատանքը նվագախումբ-դիրիժոր-կատարող և հեղինակ համագործակցության եզակի օրինակ է, առանց որի հեղինակը միշտ լուրջ խնդրների առջև կկանգնի միշտ։
Ասուլիսի ավարտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն անակնկալ մատուցեցին մաեստրոյին՝ կատարելով նրա կինոերաժշտությունից հատվածներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին