Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցն Ադրբեջան
«Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոթի հայտարարությունները մեր երկրի մասին անընդունելի են»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի մեկնաբանության մեջ։
Նա նշել է, որ հոլանդացի պաշտոնյան մեղադրել է Ադրբեջանին՝ ակնհայտորեն խեղաթյուրելով ադրբեջանական կողմի հայտարարությունները. «Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպական երկրների պաշտոնյաները նման անպատասխանատու հայտարարություններ են հնչեցնում։ Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձի հետ մեկտեղ, վկայում են մեր տարածաշրջանի հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին»։
Նշվում է՝ Հանկե Բրուինս Սլոթը Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգություն են առաջացնում, սպառնացել է Բաքվին պատժամիջոցներով և մի շարք բացասական հայտարարություններ է արել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
«Նման մեղադրանքները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են հասցնում Բաքվի և Եվրամիության երկկողմ հարաբերություններին»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցն Ադրբեջան։
«Ինչ վերաբերում է նախարարի մտադրությանն այցելել մեր երկիր, ապա հայտնի է, որ Ադրբեջանը չեղյալ է հայտարարել այցը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ ներքին հարցեր։ Մենք կոչ ենք անում հոլանդական կողմին վերջ դնել տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին խոչընդոտող հայտարարություններին, հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։