Բայրամով. Ադրբեջանը ստացել է համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկների փաթեթը
Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների ևս մեկ փաթեթ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա։ Առաջիկայում դրանք կփոխանցվեն Հայաստան»,- նշել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել:
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:
Հիշեցնենք նաև, որ ԱԳՆ-ի 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատ Միզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց կա:
Հարակից հրապարակումներ`
- Որպեսզի Հայաստանը դառնա «խաղաղության խաչմերուկ», պետք է Չինաստանից մինչև Պորտուգալիա խաղաղ լինի. Արմեն Մինասյան
- Ստեփան Դանիելյան. Խաղաղության շուրջ բանակցություններ չեն եղել ու չկան
- Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղության պայմանագրի այլընտրանքը