Սիրո հայկական տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը։
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:
Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:
Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ժամը 9:30-ին Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը:
Ժամը 9:30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգսի աջը: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին: Սուրբ աջը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը:
Ժամը 11:00-ին Տոնական Ս. Պատարագ Ս. Սարգսի անունը կրող երկու եկեղեցիներում՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների հիշատակին:
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում․ այս տարի արդեն 9-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կքաջալերվեն 20 գնդերեցներ, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն են բերում ՀՀ Զինված ուժերի տարբեր զորամասերում։
Ժամը 15:00-ին Նկարների ցուցահանդես՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին, ՀՀ նկարիչների միության (Երեւան, Աբովյան 16) դահլիճում: Ցուցահանդես-մրցույթն արդեն 10-րդն է եւ կազմակերպվում է Արարատյան Հայրապետական թեմի եւ Աշխարհի Հայ Նկարիչների միության նախաձեռնությամբ:
Ժամը 16:30-ին «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. Սիրո խոստովանություն գրքով» Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը: «Բուկինիստ» գրախանութների ցանցը եւ Արարատյան Հայրապետական թեմը տոնի առթիվ արդեն 8-րդ անգամ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան