Տեր Շահեն. Մենք հաղթանակների հետ կապված իղձեր ունենք
Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում այսօր երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ երիտասարդների օրհնության կարգին ներկա էին նաև ժամկետային զինծառայողներ։
«Սուրբ Սարգիս զորավարի տոնին մենք մեր զինվորի կողքին ենք, ոգևորում ենք մեր զինվորներին, գնդերեցներին, որպեսզի նրանք ոգևորված զգան այն չարչարանքների մեջ, որոնք կատարվում են առաջնագծում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը։
Տոնից ամիսներ առաջ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցին նամակագրություն է սկսում Մայր Աթոռի և Մատենադարանի հետ՝ թույլտվություն ստանալու այս օրը եկեղեցի բերել 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը և Ս. Սարգսի աջը:
Ավետարանը Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Այն եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի բերված Սուրբ աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը բաշխվեց հավատավոր ժողովրդին:
«Այսօր մենք այս սրբությունների ու հոծ բազմության հետ միասին պետք է փառաբանենք ամենակարող տիրոջը։ Մենք այսօրվա հետ կապված հաղթանակների իղձեր ունենք, ոչ միայն սգալու, այլև տոնելու, ուրախանալու, ցնծալու, մեր կորցրածը հետ բերելու»,-ասաց Տեր Շահենը։
Մանրամասները՝ տեսանյութում։