Հայկական բանակի գործողությունների շնորհիվ մենք երկար տարիներ ունեցել ենք հպարտություն.Սեյրան Օհանյան
«Հայկական բանակի գործողությունների շնորհիվ մենք երկար տարիներ ունեցել ենք հպարտությունը, ոգևորություն և այն Հայաստանի և Արցախի երաշխիքն է հանդիսացել»,- Եռաբլուրում հայտնեց ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Հայտարարելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայկական բանակի մեջն ուղղելու խնդիր կա՝ Օհանյանն ասաց, թե բանակի վիճակը գնահատելու մասին հարցը պետք է տալ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում ամբողջ ներուժը ներդնել և բանակի մարտական կարողությունները վերականգնել։
«Բայց ակնհայտ է, որ նրանք եթե ինչ-որ բան կատարել են՝ կատարել են ուշացումով, թերացումներով, եթե այդպես չլիներ, ապա 2021-2023 թվականների մարտական գործողությունների ժամանակ կունենայինք հաջողություններ։ Որքան էլ դժվար լինի, հայկական բանակի հրամանատարներն ու զինվորները բոլոր փուլերում էլ մարտնչել են, և Եռաբլուրը դրա առհավատչյան է»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ բանակն այն կառույցն է, որ առաջինը և արագ տեմպերով կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։
«Մեր բանակը կառուցվել է չափազանց դժվարագույն պաըմաններում՝ պարտադրված պատերազմի, Արցախի և Հայաստանի շրջափակման և երկրաշարժի պայմաններում, բայց նույնիսկ այդ իրավիճակում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից բանակ կազմավորել և հասնել հաղթանակի»,-ասաց Օհանյանը՝ նշելով, որ այդ փաստ արձանագրել են միջազգային գործընկերները։
Նա շեշտեց, որ գործող իշխանությունների օրոք միասնականությունը ոչնչացվեց, կանոնավոր բանակը նորից վերածվեց տարբեր կամավորական ջոկատների և նախկինում ձեռք բերված սպառազինությունը, որի զգալի մասն ավար էր մարտական գործողությունների ժամանակ, հանձնվեց ադրբեջանցիներին։
Օհանյանի դիտարկմամաբ՝ հայկական բանակում նախկինում եղել են բազմաթիվ խնդիրներ, բայց կարողացել է լուծել իր առաջ դրված խնդիրները, իսկ 44-օրյա պատերազմում բանակը չի պարտվել, այլ՝ գործող իշխանությունների ղեկավարած պետությունը։