ԿԳՄՍՆ. Մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում
Հայաստանում երեխաները կրթությունից դուրս են մնում հիմնականում հանրակրթության մեկնարկի փուլում։
«Բավական մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում՝ պատճառաբանելով՝ իբր երեխան դեռևս պատրաստ չէ դպրոց հաճախել։ Նման մոտեցումը չի բխում երեխայի շահից և հետագայում երեխայի զարգացման ու կրթություն ստանալու տեսանկյունից առաջ է բերում բավականին լուրջ հարցեր»,-հայտարարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը։
Կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ քննարկման ժամանակ նա նշել է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է մշակել գործուն իրավական մեխանիզմներ:
Մյուս խնդիրը պայմանավորված է 9-րդ դասարանից հետո որոշ դեռահասների կրթությունը չշարունակելու հանգամանքով։
«Այստեղ ևս մենք պետք է հասկանանք համագործակցության արդյունավետ ձևերը, որոնցով հնարավոր կլինի ուղղորդել երեխաներին շարունակել կրթությունը և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված 12-ամյա պարտադիր կրթություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ լինում են իրավիճակներ, երբ ծնողները չեն կարևորում երեխաների պարտադիր 12-ամյա կրթություն ստանալու օրենսդրական պահանջը, ուստի խնդրի լուծման համար պետք է համակարգային մոտեցում որդեգրել: Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այստեղ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները տարբեր են՝ սկսած դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումից, ստացված տվյալների անհամապատասխանությունից, ենթակառուցվածքների անհասանելիությունից՝ մինչև բնակության վայրի փոփոխություն և սոցիալական դժվարին պայմաններ։
«Համատեղ համագործակցության արդյունքում պետք է գնահատենք պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ընտանիքների կարիքները, այնուհետև իրականացնեք համապատասխան աշխատանքներ՝ երեխաներին դպրոց ուղղորդելու ուղղությամբ»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է փետրվարի 1-ից գործարկվող Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի կլինեն նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան