Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը
Իրանը պետք է քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` մեկնաբանելով իրանամետ խմբավորումների հարձակումը Հորդանանի հետ Սիրիայի սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկի վրա։
«Մենք մտահոգված ենք և կոչ ենք անում Իրանին շարունակել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում»,-ասել է բրիտանական կառավարության ղեկավարը Sky News-ի եթերում: «Մենք վճռականորեն աջակցում ենք մեր դաշնակիցներին տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման հարցում։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»։
Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Հորդանանում սիրիական սահմանի մոտ ամերիկյան ուժերի վրա հարձակման համար։