Փաշինյանի առաջարկներին Բաքվի արձագանքը պարզագույն մանիպուլյացիա է հիշեցնում
Բաքուն Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ մտցնելու և չհարձակման պայմանագիր կնքելու առաջարկը համարում է քաղաքական շահարկում և հայտարարել է, թե դա ուղղված է խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքից ուշադրությունը շեղելուն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի մշակման և միջպետական հարաբերությունների կառուցման գործընթացից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև կեղծ մեղադրանքներ է հնչեցրել, թե Հայաստանը վերջ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ կապված պնդումներին։
Հիշեցնենք, որ 28-ին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին հրավիրել է պայմանագիր ստորագրել՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և չհարձակման մեխանիզմի մասին։