Ադրբեջանին արված առաջարկություններին դեռևս քաղաքական անդրադարձ չի եղել․ ԱԳ փոխնախարար
«Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը միմյանց սպառազինության վերահսկման և չհարձակվելու վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկների մասին:
Նա նշեց, որ եթե լինեն համապատասխան դրական արձագանքներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն։
Վ.Կոստանյանն ասաց, որ իրենք շարունակում են անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ևւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ.« Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»:
Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՌԴ-ն ցանկանում է փոխել ՀՀ-ում իր դեսպանին, Կոստանյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի. «ԱԳՆ-ն պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան