Կարմիր մահիկ. Գազայում փակվել է Ալ-Ամալ հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը
Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Ամալ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը թթվածնի անբավարար մատակարարման պատճառով՝ հիվանդանոցի մոտ աճող հարձակումների ֆոնին:
Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ իսրայելական զորքերը շրջափակում են Ալ-Ամալ հիվանդանոցի մերձակայքում և կանխում շտապօգնության խմբերի տեղաշարժը, ինչի պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել բազմաթիվ վիրավորների նույնիսկ հիվանդանոցի մոտ։
«Ալ-Ամալ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը թթվածնի պաշարների սպառման պատճառով»,- հայտնում են կազմակերպությունից։
Նշվում է, որ այս պահին բուժհաստատության բժիշկներն աշխատում են չորս վիրավորի և երեք մահացած տեղահանվածների հետ։ Մահացածներից երկուսը սպանվել են հիվանդանոցի մոտ գտնվող տարածքից մահացած կնոջ մարմինը տարհանելու փորձի ժամանակ։ Կարմիր մահիկի ընկերությունը հավելում է, որ իսրայելական ուժերը ութ օր անընդմեջ հրետակոծում և շրջափակում են հիվանդանոցը։