ՓՊ պալատը դժգոհ է. Նախագծի կարգավորումները խնդրահարույց են և անընդունելի
Փաստաբանների պալատը դժգոհ է ՀՀ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների մասին և ահազանգում է դրա հնարավոր հետևանքների մասին։
Պալատն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
««Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 01-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 01-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից:
Նախագծով հարկման դաշտում իրավաբանական օգնության տրամադրելուն ուղղված իրավապաշտպան փաստաբանական գործունեությունը հավասարեցվում է խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի, գործունեության հետ:
Միաժամանակ, նախագծի կիրառման արդյունքում, փաստորեն, սահմանափակվելու է քաղաքացիներին անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը մասնավոր դաշտում գործող փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների կողմից:
Նախագծի կարգավորումները խնդրահարույց են և անընդունելի:
Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների հարկային բեռը ներկայիս համեմատ կտրուկ և անհամաչափ աճելու է, ինչը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի զգալի աճին:
Արդյունքում, նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար»։
Սրանով պայմանավորված պալատն ակումբի նիստ է հրավիրել, որը տեղի կունենա հունվարի 30-ին ժամը 18:30-ին։