«Պրոֆեսիոնալ», «Կնքահայր», «Մի անգամ Ամերիկայում»... որտե՞ղ է քրեական ենթամշակույթի ու դրական ազդեցություն թողնելու սահմանը
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից շրջանառության մեջ դրած՝ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծը։
Նախաձեռնության հեղինակները կարևոր են համարել կանխարգելել և արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունը և տեխնոլոգիաները: Նախագծի հեղինակներն առաջարկում են սահմանել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:
Քննարկմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ քրեական մշակույթը, ենթամշակույթը պախարակելի երևույթներ են, իշխանություն որքան ուժ ունի, դրա դեմը պետք է պայքարի։ Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք վիճակագրություն ունեն ու դրա վերլուծությունը, թե վերջին 6 տարիների ընթացքում որոնք են հանցագորությունները սնող պատճառները, ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել պատկան մարմինների կողմից։
«Դուք ասացիք, որ նախագիծն ուղղված է հատկապես անչափահասների իրավունքների պաշտպանությանը։ Բայց նույնքան իրավունքներ ունեն և մշակութային պրոդուկտ սպառելու իրավունք ունեն ոչ անչահասաները։ Միանգամից միտքս գալիս են համաշխարհային մշակույթում բացառիկ հետագիծ թողած ֆիլմերը՝ «Պրոֆեսիոնալ», «Կնքահայր», «Մի անգամ Ամերիկայում», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», այստեղ սահմանն այնքան նուրբ է, թե որտեղ է դրական ազդեցություն թողնում դաստիարակչական իմաստով, որտեղ քարոզում քրեական ենթամշակույթը»։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ վիճակագրական տվյալներ չի կարող ասել, սակայն եթե դպրոցում իրար «արա» բառի համար դանակահարում են, միայն դա բավարար է, որպեսզի բոլոր հնարավոր տեղերում փակեն քրեական ենթամշակույթի մուտքը։
«Այո, այդ ֆիլմերն արժեք ներկայացնում են, բայց, կարծում եմ, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս օրվա ցանկացած ժամին, ցանկացած կետում ու ցանկացած լեզվով դիտել այդ ֆիլմերը։ Հետևաբար, պատադիր չէ հանրային մուլտիպլեքսում բերել ու ցերեկային ժամերին պարտադիր կերպով ստիպել երեխաներին դաստիարակվել «Կնքահայր» ֆիլմի մոտիվներով։ Կարծում եմ՝ որքան էլ արժեքավոր է, արժեքավոր չէ երեխաների դաստիարակության տեսանկյունից»,- ասաց նա։
Կառավարությունը և հանձնաժողովը դրական կարծիք է տվել այս նախագծին։ Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան