Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, ում աչքը հեռացրել են
Երեկ՝ հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։
Հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։
Վերջինս աչքի հատվածում ստացել է ծանր վնասվածք և տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության է ենթարկվել և աչքի մեկը հեռացրել են։ Նա ունի նաև այտոսկրերի կոտրվածքներ։
Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և դաժան ծեծի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։
Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել և քննիչը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձինք վերցվեն երկամսյա կալանքի։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է Խ. Հովհաննիսյանին և Կարապետ Մ.-ին ազատ արձակել, իսկ Կարեն Թ. -ի նկատմամբ խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարել է, որից հետո կալանավորվածին տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
«Եթե դատավորի հարազատի նկատմամբ այդքան դաժան վերաբերմունք ցուցաբերեին, կարելի է ասել՝ «թուրքի հոգեբանությամբ» ծեծեին, մի աչքը կուրացնեին, էդ դատավորն ի՞նչ էր անելու, էլի բաց էր թողնելո՞ւ»,-աղբյուրի հետ զրույցում նշել են քաղաքացիները։