Զատուլինը՝ Մարիա Զախարովայի խոսքերի մասին. Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել
Երևանում քաղաքացիներից մեկը քաղաքում տեղադրված պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանն է պղծել։ Նա դա արել է ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, ով պահանջել էր ապացույցներ ներկայացնել Արցախի Հանրապետությունում հայերի էթնիկ զտումների փաստի վերաբերյալ, հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։ Նրա խոսքերից հետո վրդովված տղամարդը կասկածի տակ է դրել Լենինգրադի շրջափակման ապացույցը։ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ենթադրել է, որ երևանցին «խելքը թռցրել է», ինչպես նաև ընդգծել է, որ իրականում էթնիկ զտումներ են տեղի ունեցել Արցախում։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական տան ղեկավարը Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի պղծումից հետո դիմել է հանրապետության դատախազություն՝ խնդրելով հետաքննություն անցկացնել և Սամվել Շիրինյանին քրեական պատասխանատվության ենթարկել։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը տղամարդու գործողություններն անվանել է «բարբարոսություն»։ Նա ենթադրել է, որ այդ մարդը «խելքը թռցրել է»։
«Ինչ վերաբերում է հենց հուշարձանի պղծման փաստին, եթե դա իսկապես եղել է, ապա նա կա՛մ խելագար է, կամ խելքը թռցրել է, կամ չգիտեմ ինչպես բնութագրել նրան, ամեն դեպքում, այն ամենը, ինչ կապված է հուշարձանի պղծման հետ, վրդովեցուցիչ է»,- Գազետա.ռու-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «ինչ էլ որ ասեն մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։ Զատուլինի խոսքով, էթնիկ զտումների փաստը «կասկածից վեր է»։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է», - բացատրել է Զատուլինը:
Զախարովան հունվարի 12-ին կայացած ճեպազրույցում բարձրացրել է Արցախում էթնիկ զտումների թեման։ «Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ ես կցանկանայի, որ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանում հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության) կողմից, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Քննչական կոմիտեն գործ կհարուցի Երևանում հուշարձանի պղծման փաստով
- «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա». Երևանում Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պատասխանել են Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին