Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնոր տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել է պետական գնումների armeps.am հարթակում։
«Ի դեպ, հարկ է նշել, որ կառավարական առանձնատների սպասարկման գումարը ավելացել էր նաև 2023 թվականին՝ նախորդ տարիների համեմատ։ Եթե 2020, 2021 և 2022 թվականների պետբյուջեներով առանձնատների սպասարկման համար հատկացվել էր 450-470 միլիոն դրամ, ապա 2023-ին այդ գումարը կազմել էր 542 միլիոն։ Այն ժամանակ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված գումարի ավելացումը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ»,-գրում է աղբյուրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։