Կարեն Վանեցյան. Ինձ հետ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է
«Օլեյնա» («Олейна») ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը մեկնաբանել է իր «ձերբակալման» մասին տարածված լուրերը։
«Ես ազատության մեջ եմ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է, ամեն ինչ սովորականի պես է»,-ասել է նա RBC գործակալությանը։
Exoil Group հոլդինգի սեփականատերը նաև տեղեկացրել է, որ ինքը Մոսկվայում է։
Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին, որ գործարարին բերման են ենթարկել Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում։
Ըստ մի շարք թելեգրամյան ալիքների՝ երեկ Մոսկվայում ոստիկանությունն իսկապես բերման է ենթարկել Վանեցյանի մեքենան, սակայն ինչպես ավելի ուշ պարզվել է՝ միջադեպն ամբողջությամբ հարթվել է, նրա նկատմամբ որևէ պահանջ, բողոք չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործարարի նկատմամբ հետախուզվում է հայտարարվել «փողերի լվացման համար»։
Ըստ իրավապաշտպանների, մամուլի, ընդդիմադիր գործիչների՝ Կարեն Վանեցյանի նկատմամբ Հայաստանում իրականացվող հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, դրանցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան է, ինչպես նաև սեփականության վերաբաշխման փորձերը։ .
Երեկ Կ. Վանեցյանի փասաբանական խումբը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության և քննչական մարմնի ունեցած վարկածն է: Իսկ վարկածը որպեսզի իրապես դառնա մեղադրանք՝ պետք է լինեն դրա մասին վկայող, կամ ավելի հստակ՝ փաստող տվյալներ: Սույն դեպքում Կարեն Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ կամ ինքն առհասարակ առնչություն չունի ոչ տեսականորեն և ոչ էլ գործնական իմաստով, կամ ընդհանուր բնույթի գործողություններ են, որոնց առնչությունը քրեական օրենսգրքին կրկին բացակայում է։
Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ակնհայտ անհիմն, ընթացակարգային և նյութական բազմաթիվ խախտումներով «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել»։
Հիշեցնենք նաև, որ Կ. Վանեցյանն ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբայրն է։
Ավելի վաղ արձագանքելով եղբոր նկատմամբ քրեական հետապնդմանը՝ Արթուր Վանեցյանն ասել էր. «Վստահ եմ, որ այս հերթական շինծու գործը ևս շատ մոտ ապագայում ձախողվելու է, իսկ շոուն մնալու է չստացված»։