12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա. Մարտին Գալստյան
«2023 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով -0.4%»-հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով խորհրդի որոշումը:
Նրա խոսքով՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է, բայց գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը:
Ըստ ԿԲ խորհրդի՝ 2024 թ-ի սկզբին, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված` արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և ձևավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր և այդ իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:
«Չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին: Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով»,-հայտնեց Գալստյանը և հավելեց, որ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչը շարունակում է արտահայտվել նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:
ԿԲ նախագահի տեղեկացմամբ, ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%:
«Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,-ասվում է ԿԲ խորհրդի որոշման մեջ:
: