ՔԿ. 2023 թվականին մի քանի անգամ ավելի շատ է պետությանը պատճառված վնաս վերականգնվել
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։
Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում նշված գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ թվով 86 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2022թ․ ընթացքում նման 36 քրեական վարույթի դիմաց: Կարճվել է 515 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187-ի դիմաց: Այսինքն՝ նախաձեռնված քրեական վարույթների քանակը, նախորդող տարվա համեմատ, ավելացել է 63%-ով՝ էականորեն ավելացնելով վարչության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն այդ պայմաններում դատավարական ավարտ ունեցած վարույթներն ավելացել են 169,5%-ով:
Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամ, որը, 2022թ․ համեմատ (23մլրդ. 185մլն. ՀՀ դրամ), ավելի է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ 2022թ․ միայն մեկ վարույթով է վերականգնումը կազմել շուրջ 19մլրդ. ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ 2023թ․ վերականգնվել է պետությանը պատճառված այնքան վնաս, որքան վերականգնվել է 2017-ից 2021 թվականներին միասին վերցրած։
Ընդհանուր առմամբ՝ գլխավոր վարչությունում քննվող տնտեսական բնույթի հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240 անձի վերաբերյալ։
Քննված վարույթները վերաբերել են՝
• Առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքերին,
• Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերին,
• Հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերին,
• Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տարբեր դեպքերին,
• Ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու դեպքերին,
• Փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքերին,
• Փողերի լվացման դեպքերին,
• Թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում` նաև ՀՀ տարածքով, որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերին:
ՔԿ փոխանցմամբ, էական արդյունքներ են ապահովվել հարկային պարտավորություններից խուսափելու հանցավոր սխեմաների բացահայտման առումով։ Մասնավորապես, վերականգնված՝ պետությանը պատճառված վնասից ավելի քան 8մլրդ. դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում նաև՝ մանրածախ առևտրի ցանցերում ներգրավված առևտրային կենտրոնների ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի, իսկ 7.5 մլրդ. ՀՀ դրամ գումարը՝ ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում: