«Ժողովուրդ». Ո՞վ կվերահսկի քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին:
Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգևավճար կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգևատրել, և նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը:
Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետև կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաև ավագանու նիստի օրակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգևավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։
«Սիրուն աչքերի համար այլևս որևէ մեկին կարիք չկա պարգևատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգևավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգևավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգևավճարի, ավագանին թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգևավճար տրամադրելու մասով»,- ասաց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։