Գենսուլինի ահազանգի հետքերով. Չեմ կարծում, որ մեր քաղաքացիները կդիմեն Պողոսյանին, բայց չեն դիմի ԱՆ թեժ գիծ
Առողջապահության նախարարությունը լեհական Bioton-ի արտադրած «Գենսուլին» դեղամիջոցի վերաբերյալ որևէ բողոք, ահազանգ՝ գրավոր կամ բանավոր, թեժ գծի միջոցով չի ստացել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նրա խոսքով, դեղի վերաբերյալ դժգոհություն են հայտնել ֆեյբուքյան 1-2 օգտատերեր, իրենք գնացել են գրառման հետքերով։
«Պարզվել է, որ մի մասը եղել են ֆեյք էջերից գրված, իսկ մեկ օգտատեր հրաժարվել է հեռախոսահամար տրամադրել, որպեսզի կարողանանք իր հետ կապ հաստատել ու հասկանալ դժգոհության պատճառը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
Ծատրյանի խոսքով, դեղամիջոցը ձեռք է բերվել հայտարարված մրցույթի արդյունքում ՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև կառավարության թիվ 502 որոշման համաձայն։
«Դեղամիջոցն անցել է օրենքով սահմանված լաբորատոր փորձաքննություն «Դեղերի փորագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նախարարությանը պատկանող ՊՈԱԿ է։ Այն միջազգային հավաստագրում, որակի սերտիֆիկատ ունեցող ռեֆերենս լաբորատորիա է։ Փորձաքննության ընթացքում որևէ շեղում չի եղել, այն ստացել է դրական եզրակացություն։
Պահանջվող տեխնիկական բոլոր չափորոշիչները և որակի հավաստագիրը ևս դիտարկվել են։ Դեղ արտադրողը ICH անդամ երկիր է։ Այս բոլոր փուլերով դեղն անցել է, փաստացի դժգոհություն չենք ունեցել, բացի ֆեյսբուքյան երկու մեկնաբանությունից, այդ պատճառով ինձ համար այս բարձրացված թեման տարօրինակ է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը երեկ ահազանգել էր. «Ինսուլինկախյալ շաքարային դիաբետ ունեցող մեծահասակներին սեպտեմբերից սկսած նոր՝ անհայտ ծագման, ինսուլին են տրամադրում։ Կազմակերպությանն են դիմել բազմաթիվ պացիենտներ, որոնք ահազանգում են, որ Ինսուլոտարդի փոխարեն իրենց տրամադրում են մի ինսուլին, որի էֆեկտիվությունը շատ ցածր է, հաճախ անգամ կրկնակի դոզաների ստացման դեպքում արյան մեջ շաքարի քանակը չի կարգավորվում։ Պարզվում է, ՀՀ առողջապահության նախարարությունը դանիական առաջատար Novo Nordisk-ի միջին ազդեցության ինսուլինը փոխարինվել է լեհական Bioton-ի Գենսուլինով, որը երկարատև փորձաշրջան չի անցել և սերտիֆիկացված չէ միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից»։
Հարցին, արդյոք նախարարությունը Ա. Պողոսյանից հետաքրքրվե՞լ է, թե քանի մարդ է դիմել իրեն ու բողոքել։ Բացի այդ, կա պնդում այն մասին, որ շատ երկրներ հրաժարվել են դեղից, ինչո՞ւ է Հայաստանը նախապատվություն տվել հենց այս դեղին, Մ. Ծատրյանը պատասխանեց.
«Ֆեյսբուքյան գրառումներին մենք չենք կարող ամեն օր արթնանալ ու արձագանքել։ Պողոսյանը շատ բան կարող է գրել։ Եթե իրեն մտահոգող հարց կա, թող դիմի, մենք հիմնավոր, ավելի երկար կպատասխանենք։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները կդիմեն Պողոսյանին, բայց չեն դիմի նախարարության թեժ գիծ։ Օրական հազարավոր զանգեր ստանում ենք տարբեր խնդիրների, առաջարկների մասին։ այս դեղի մասով մենք բողոք չենք ստացել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին