Թբիլիսիում գործարկվել է 18 մետրանոց առաջին ավտոբուսը
Հունվարի 31-ի առավոտյան Թբիլիսիում սկսել է երթևեկել 18 մետր երկարությամբ առաջին ավտոբուսը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գործարկել միայն մեկ երթուղով:
N302 երթուղում 12 մետրանոց ավտոբուսները փոխարինվել են 18 մետրանոց ավտոբուսներով։ Երթուղով երթևեկող 9-ն ավտոբուսների թիվը չի ավելացել։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսին 160 նոր 18 մետրանոց ավտոբուսների գնման պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվել է «Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի և Tegeta Motosrs-ի միջև։ Մեկ ավտոբուսի արժեքը 1 մլն 618 հազար 759 լարի է, իսկ ընդհանուր առմամբ կծախսվի 259 մլն լարի։
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նոյեմբերի 7-ին Մյունխեն կատարած այցի ընթացքում հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի վերջը մայրաքաղաք կժամանեն 50 նոր ավտոբուսներ, որոնք երթուղիներով կշարժվեն հունվարից։ Ըստ Կալաձեի՝ Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսները կգործարկվեն հունվարից:
Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային գծերին 18 մետրանոց ավտոբուսներ ավելացնելու խոստում է տվել դեռ 5 տարի առաջ՝ քաղաքապետի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման 1-ամյակին: