ՔՊ-ի նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը
Ամառային մի շոգ օր՝ 2023-ի հուլիսի 31-ին, Կարինեն (անունը փոխված է) իր ծանոթներից մեկի՝ Գևորգի հետ (անունը փոխված է) զբոսնում էր Երևանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ, Գևորգը Կարինեին հարցրեց՝ արդյո՞ք նույնականացման քարտ ունի իր մոտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինեն, վստահելով ծանոթին, համաձայնեց։
Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մոտ, Գևորգը Կարինեին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նույնականացման քարտն ու մտավ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ ու Կարինեին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմավորելու, կասի՝ ինչ անել։
«Ես մոտեցա այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրոն տվեց նրան, ինքն էլ տվեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսա, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», - պատմում է Կարինեն, որը բանկից դուրս գալուց հետո Գևորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենա։ Վերջինս պատասխանել է, որ մոռանա այդ մասին, եթե զանգեն, ասի, որ ոչնչից տեղյակ չէ։
Կարինեն, փաստորեն, իր կամքից անկախ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը «ֆինանսավորողներից» մեկը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, Կարինեն միակը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում։
«Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը՝ անհայտ ծագում ունեն։
Կարինեի անձը հաստատող փաստաթուղթը և ստորագրությունն օգտագործվել են անհայտ ծագման դրամական միջոցները ՔՊ կուսակցության հաշվեհամարին փոխանցելու համար։ Պատահական չէ, որ բանկային այդ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին։ Հենց այդ օրն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել նախընտրական քարոզարշավի համար դրամահավաք-երեկոն։
Ի դեպ, ՔՊ-ն նախապես հրապարակային հայտարարություն չէր տարածել դրամահավաք-երեկոյի մասին։ Միայն օրեր անց կուսակցության նախընտրական շտաբի պետ, այժմ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»։
ՔՊ կուսակցությունը, սակայն, չէր հանրայնացնում «թվով 987 նվիրատուների» անունները՝ ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ ընտրությունների ընթացքում և ո՛չ էլ դրանից հետո։ «Ինֆոքոմը» և մի շարք այլ լրատվամիջոցներ նվիրատուների ցանկը ստանալու համար հարցումներ էին ուղարկել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն կուսակցությունը մերժել էր տրամադրել ցանկը։ Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հիմնվելով «Ինֆոքոմի» դիմումի վրա, նույնաբովանդակ ևս 2 հարցում էր ուղարկել ՔՊ և պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 4-ին դատական հայց էր ներկայացրել ՔՊ-ի դեմ՝ ցանկը ստանալու պահանջով։ Հունվարի 8-ին ԻԱԿ-ի ու ՔՊ-ի միջև կնքվել էր հաշտության համաձայնագիր, որի համաձայն՝ կուսակցությունը պարտավորվել էր տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունները։
Ի տարբերություն Արմեն Փամբուխչյանի հայտնած թվերի՝ «Ինֆոքոմին» ուղարկված նվիրատուների ցանկը ներառում էր 996 անձանց (նախնական հրապարակված թվից 9-ով ավելի) կատարած ընդհանուր 509 085 950 ՀՀ դրամի (շուրջ 1 264 242 ԱՄՆ դոլար) նվիրատվությունները։
«Այդ պահին, որ գումարի չափը տեսա, ուզում էի հասկանալ՝ իմ աշխատավարձով ես ո՞նց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ՝ այդ գումարն իրենց բա որտեղի՞ց է գնալու, եթե ես չեմ հիմա այդ փողը փոխանցում»,- մեզ հետ զրույցի ընթացքում ինքն իրեն հարցեր էր ուղղում Կարինեն։ Նվիրատուների ցանկում իր անունը տեսնելով՝ Կարինեն մտահոգվել է, ասում է, որ չի ցանկանում որևէ քաղաքական կուսակցության հետ առնչվել։ Անհանգստանում է, որ այս դեպքն իր անվան վրա «սև բիծ» է թողնելու. մտածում է, որ իր հարազատների մոտ միամիտ մարդու տպավորություն կթողնի, քանի որ իր ծանոթին վստահելով՝ դարձել է կեղծ ֆինանասական գործարքի և քաղաքական գործընթացի մասնակից։
Կարինեն հաշվարկել էր նաև, որ իր աշխատավարձով 2.5 տարում հազիվ կարողանար 2.5 մլն դրամ հավաքել։ Հարցին, թե ինչ է զգում հիմա, երբ գիտի, որ իրեն խաբել են, պատասխանեց. «Ինձ հպարտ քաղաքացի չեմ զգում։ Մի քիչ ճնշող է, որ փորձում են խաբել։ Ինձ համար լացելու են քաղաքական թեմաները, որ անընդհատ խաբում են ու միայն իրենց շահի մասին են մտածում»։
Նա մտաբերեց նաև, որ բանկային գործարքից հետո Գևորգը զանգեց ինչ-որ մեկին, ասաց՝ «2 հատ իմ կողմից, ինձ էլ ինչ տաս՝ տաս»։
ՔՊ-ին նվիրատվություն կատարածների ցուցակում հայտնվել էր ոչ միայն Կարինեի անունը, այլ նաև Գևորգի ու նրա եղբոր։ Վերջիններիս անվան դիմաց գումարի չափը ևս նշված է 2.5 մլն դրամ։
Կարինեի դեպքը միակը չէ. մենք հանդիպել ենք նվիրատուների ցանկում հայտնված այլ անձանց ևս, որոնք տեղյակ չէին իրենց անունով կատարված գործարքից։
Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։
Մենք ուսումնասիրել և նույնականացրել ենք 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց»,-ասվում է հոդվածում։
Հոդվածն ամբողջությմաբ՝ կից հղումում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան