Օղակաձև այգու 1-ին հատված․ Ինչ է կատարվում այգում և ինչու՞ այն չի բարեկարգվում
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանն անդրադարձել է Օղակաձև այգու շուրջ հայտարարություններին ու ներկայացրել փաստեր.
««Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն ներդրում ունենալ այս գործում, նախագծեր ներկայացնել, որոնք որ հանրային այգիներ ստանալու մասին են, այսինքն այն տրամաբանությամբ, որ այնտեղ բիզնես կոմպոնենտը մինիմալի է հասցված, մենք ուրախ կլինենք այդ նախագծերը ընդունենք»։ Սա Տիգրան Ավինյանի խոսքերն են, երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում։
Ոչ այնքան շատ ժամանակ ծախսելով կարելի է միանգամից արձագանքել Ավինյանին՝ առաջարկ ներկայացնելով Օղակաձև այգու 1-ին հատվածի մասով, որտեղ բիզնես կոմպոնենտը հասցված է զրոյի (0):
Քաղաքապետարանից հարցում էի արել Օղակաձև այգու առաջին հատվածի մաիսն, քանի որ այն համեմատաբար լավ է պահպանվել և կարելի է անհամեմատ ավելի քիչ գումարով բարեկարգել և բերել նախկին տեսքի, ի դեպ, առանց բիզնես կոմպոնենտի։
Եվ այսպես։ Համաձայն քաղաքապետարանից ստացված պատասխանի՝ Օղակաձև այգու 1-ին հատվածում առկա է 4 վարձակալ, որոնցից մեկը քաղաքային «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն է, որին վարձակալության է հանձնված Պոպլովոկը (փոքրիկ ջրավազանը այգու կենտրոնում)։
Մնում է 3 վարձակալ։ Վարձակալներից երկուսի հիմնական կառույցները գտնվում են Իսահակյան փողոցի վրա և այգու տարածքի քիչ մասն են զբաղեցնում։
Հիմնական վարձակալը, որը օգտագործում է այգու վարձակալած հատվածների զգալի մասը՝ «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ն է, որը վարձակալել է 3720 քմ տարածք։ Այս տարածքը՝ համաձայն 2017 թվականին կնքված պայմանագրի, ընկերությունը տնօրինելու է մինչև 2042 թվականի դեկտեմբերի 30-ը։
Համաձայն նույն պայմանագրի՝ «Պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը։
Վարձակալման ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը»։
Եվ հիմա ամենահետաքրքիրը (Բոլոր տվյալները՝ ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկանքի)։
«Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ն է քաղաքապետարանին, որպես վարձավճար և հաշվարկված տույժ պարտք է 29 773 786 դրամ։ 25․09․23թ․ դրությամբ ընկերությունը վարձավճարը ուշացրել էր 92 օրով, իսկ 25․12․23 թ․ դրությամբ՝ 91 օրով։
Վճարելուց հետո էլ վճարվել է պարտքի չնչին մասը։ Օրինակ՝ 25․12․23 թ․-ին հաշվարկված վարձավճարը եղել է 14 159 846 դրամ, մինչդեռ ընկերությունը վճարել է 1 279 058 դրամ։
Ես իրավաբան չեմ և դեռ քաղաքապետարանին չեմ հարցրել, արդյո՞ք սա վարձակալության պայմանագիրը միակողմանի լուծելու հիմք չէ, բայց կարծում եմ, որ նման հիմք կա։
Եվ այսպես, քաղաքապետարանը կամ լուծում է պայմանագիրը «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ի հետ կամ տարածքը ճանաչվում է հանրային գերակա շահ, այգին ազատվում է սրճարաններից և լունապարկանման վիճակից, բարեկարգվում է այդ հատվածը և կարելի է ասել Օղակաձև այգու առաջին հատվածը պատրաստ է։ Եթե շատ ուզենան կարող է առաջարկել կառավարությանը հանրային գերակա շահ ճանաչել նաև այն երկու վարձակալների տարածքները՝ որոնցից մեկը «Առագաստ» սրճարանն է, մյուսը՝ նախկին «Տրիումֆ» սրճարանը:
Բայց քանի որ «Առագաստ» սրճարանը նույնպես արժեքավոր է, բայց ոչ իր ներկայիս տեսքով, պետք է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և հասկանալ ոնց կարելի է նրան բերել նախկին՝ այգու այդ հատվածին համահունչ տեսքի։
«Առագաստ» սրճարան համար վարձակալության պայմանագիր է կնքվել Նժդեհ Գեղագուլյանի հետ։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2095 թվականին, իսկ վարձավճարը 495 քմ-ի համար կազմում է տարեկան ընդամենը 51 383 դրամ։ Վարձակալը վարձավճարի մասով պարտք չունի։
Մյուս վարձակալը՝ Արմեն Արսենյանն է, որը 696.6 քմ-ի համար տարեկան վճարում է 4 155 324 դրամ։ Պայմանագրի ժամկետը՝ մինչև 31.12.2028 թ․։ Վարձակալը քաղաքապետարանին պարտք է 319 754 դրամ։
Այս գրառման հիմնական նպատակը՝ ցույց տալն է, որ ցանկության դեպքում կարելի հանրային այգիներ ստանալ առանց մասնավորի ներգրավման, հաշվի առնելով նաև այն, որ գործող իշխանությունների կողմից նման մի փորձ առայժմ շատ տխուր հետևանքներ է ունեցել Մերգելյանի այգու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է
- Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
- Ինչո՞ւ չեն քանդվի Օղակաձև այգու՝ Ծառուկյանին, Սուքիասյանին պատկանող օբյեկտները
- Օղակաձև զբոսայգում 5 օբյեկտ կքանդվի
- Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու ինքնակամ սրճարանային կառույցները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան