Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության մասին դեռևս տեղեկատվություն չի տրամադրում, բայց հայտնում են, որ լայնածավալ քննչական գործողություններ են կատարավում էկոնոմիկայի նախարարությունում և այլ հասցեներում։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Panorama.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանը Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
168.am-ի տեղեկություններով վերջինս նաև ձերբակալվել է ԱԱԾ կողմից։ Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարությունում քննչական գործողությունների մասին ասաց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, և չգիտեմ, թե ինչու է մտել։
Բնականաբար, պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մենք գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց նաև պետք է նշեմ, որ հարգում ենք նաև մարդկանց անմեղության կանխավարկածը: Վերջին երեք տարվա մեջ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հետ կապված նման բաներ չի եղել»։
Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ, նախարարն ասաց, թե դա ընդամենը պատահականություն է. «Անին 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, պատրաստվում են տեղափոխվել և տեղափոխվելուց մի քանի օր առաջ դիմում է գրել։ Ուրիշ հարց տվեք էլի»։
Նա նաև ասաց, որ մինչև իր ԱԺ գալն էին եկել իրավապահները, հարգում է իրավապահ մարմինների աշխատանքը։
«Ես այստեղ եմ, դեռևս որևէ նորություն չունեմ»,- նշեց Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին