ԶՊՄ կոմբինատը կարող է պաշտպանիչ անտառային շերտեր ապահովել, չգիտեմ թե ինչու չեն անում. Վլադիկ Մարտիրոսյան
2018 թվականի «Հեղափոխությունից» հետո իշխանության եկած քաղաքական ուժը հասավ նրան, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարությանը փոխանցեց բաժնետոմսերի 25 %-ը։ Դրանից հետո կառավարության ներկայացուցիչներն իրենց ղեկավարի հետ միասին հայտարարեցին, որ Հայաստանի թիվ մեկ հարկատու համարվող կոմբինատում այլևս աշխատանքների այլ հարաբերություններ են լինելու, ինչը վերաբերում է նաև հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական չափանիշների պահպանմանը։
Panorama.am-ը Սյունիքում բնապահպանական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ զրուցեց մարզային «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի հետ։
Վ. Մարտիրոսյան- Օրախնդիր է մնում պոչամբարների ռեկուլտիվացիայի և թափուկավայրերի անտառապատման հարցերը։ Այն լանդշաֆտները, որտեղ դատարկ ապարները են լցված, դրանք արդեն լցվում են ձորերը և աղավաղում դրանք։
Այն տեղերում, որտեղ այլևս չեն լցվում մակաբացված այդ դատարկ ապարները, անհրաժեշտ է լանդշաֆտը վերականգնել, անտառապատել, կանաչապատել։ Դրանք բոլորը հնարավոր է անել, բայց չի արված։
Մյուս կողմից էլ Արծվանիկի պոչամբար թափվող ջուրը գալիս է ֆլոտացիոն ֆաբրիկաներից, որտեղ զգալի քանակությամբ քիմիկատներ են օգտագործվում։ Այդ ամբողջը հասնում է պոչամբար և որպեսզի այդ տհաճ վտանգավոր հոտը չտարածվի գյուղերի վրա, անհրաժեշտ է, որ պաշտպանիչ անտառաշերտեր հիմնեն պոչամբարի շուրջ։ Ես այդ մասին մի քանի անգամ հայտարարել և առաջարկել եմ։ Կան համապատասխան տեսակի երեք պաշտպանիչ անատառային գծերի տեսակներ՝ հողմակայուն, ոչ հողմակայուն, հրահողմակայուն։
Սա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի համար խնդիր չի հանդիսանում, մանավանդ, որ կոմբինատն իր համար արդեն տնկարան ունի և իր համար բավականին տնկանյութ է աճեցնում։ Նրանք կարող են պաշտպանիչ անտառային շերտեր ապահովել, չգիտեմ, թե ինչու չեն անում։ Կոմբինատի տնկարանները ժամանակին ես եմ հիմնել, տնօրենին ապացուցեցի, որ դրանք կոմբինատին պետք են և մենք հիմնեցինք։
Չեմ հասկանում, թե ինչու այդ ուղղությամ ակտիվ գործունեություն չեն իրականացնում, պաշտպանիչ անտառաշերտերը շատ լավ բան կլինեն, քամիների ժամանակ փոշիները չեն տարածվի շրջակայքում։ Երբ պոչհանքի ջուրը ներծծվում է և մնում է չոր ապարը, այդ ժամանակ փոշին բարձրանում է։ Նոր չորացած պոչամբարում չեն կարող անմիջապես ռեկուլտիվացիա անեն, քանի որ նրա տակ դեռ տիղմ է։ Այդ պատճառով էլ պաշտպանիչ անտառաշերտերը խիստ անհրաժեշտ են։ Իսկ երբ պոչամբարը լավ չորանում է, այդ հատվածի վրա 70 սմ հողաշերտ են լցնում և վտանգը չեզոքացնում են, փոշին չի բարձրանում և հոտը չի տարածվում։ Նախքան ռեկուլտիվացիան, այդ պաշտպանիչ անտառաշերտերի ապահովումը շատ կարևոր է։
Panorama.am-Կոմբինատում Ձեր աշխատելու տարիներին ինչո՞ւ չիրականացրեցիք այդ ծրագիրը։
Վ. Մարտիրոսյան-Տնկարանները հիմնելուց 2 տարի անց ինձ ուղարկեցին թոշակի, իսկ այնտեղ մենք նոր-նոր ցանքս էինք անում և մինչև հասուն տնկիներ ունենալն ես արդեն թոշակի էի գնացել։
Օրախնդիր է մնում թափուկավայրերի անտառապատման հարցը, որպեսզի լանդշաֆտերը վերականգնվի։ Դեպի Մեղրի գնալու ճանապարհին դատարկ ապարների թափուկավայրերը լցվել, գրեթե հասել են ճանապարհին, այն ադեն լցված է։ Եթե այնտեղ այլևս չենք լցնելու, եղբայր, եկեք անատառապատենք, անտառներ տնկենք, կանաչապատենք, գեղեցկացնենք շրջակա միջավայրը, չթողնենք այդպիսի քանդված վիճակում։ Եթե անտառապատենք և կանաչապատենք՝ լանդշաֆտը կդառնա վերականգնված։ Դատարկ ապարների տեղադրման վայրը միայն քարերը չեն, այնտեղ նաև հող կա, գրունտ կա և կարող են առանց լրացուցիչ հող ավելացնելու հիանալի ձևով անտառապատել այդ հատվածը, այնտեղ անհնարին ոչինչ չկա։
Իսկ Արծվանիկի պոչամբարի զգալի հատվածը՝ Սյունիք բնակավայրի տարածքից սկսած լրիվ ռեկուլտիավացիա է արված և հողով ծածկված է, այնտեղից վտանգ չկա։
Panorama.am-Իսկ ի՞նչ քայլեր են արվել կոմբինատի գործունեության հետևանքով շրջակա մկիջավայրի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար։
Վ. Մարտիրոսյան-Լեռնահանքային արդյունաբերությունը, շրջակա միջավայրն աղտոտող ճյուղ է, ոչ մեկն այն չի կարող հերքել։ Բայց վերջին տարիներին որոշ փոփոխություններ արվել են։ Պոչատարը, որ երկու խողովակ էր, վթարի դեպքում մեծ խնդիրենր էր առաջացնում և դժվարանում էին վթարված խողովակից մյուսին պոչի հոսքն ուղղել։ Այսօր երրորդ գիծն են կառուցել և վթարների դեպքում ինքնաշխատ եղանակով միանում է նորմալ խողովակաշարին՝ ճեղքված, վթարված խողովակաշարից պոչը չի գալիս հասնում պոչամբար։
Բացի այդ վտանգավոր հատվածներում արտահոսող պոչերի հավաքման փոսեր են ստեղծվել, որոնք թույլ չեն տալիս վթարված խողովակաշարից դուրս թափված աղտոտված ջրերը լցվեն հարակից գետերը, այլ հավաքվում են այնտեղ։ Երկար ժամանակ է, ինչ Ողջի գետը չի աղտոտվում, մաքուր է հոսում։ Վերջինիս վտակ հանդիսացող Գեղի և Նորաշեն գետերի վրա նման ամբարներ են ստեղծված և վթարի դեպքում էլ պոչերը չեն լցվում գետերը։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը ավելի քան 50%-ով նվազեցրել է պետական բյուջե իր հարկային մուտքերը
- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում սեփականատեր է փոխվել
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վայրիվերումները խոշոր հարկ վճարողների ցանկում
- Քաջարանցիները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին