Մեծ Բրիտանիա. «Վեյփը վտանգավոր է առողջության համար, այն համաճարակ է երեխաների շրջանում»
Մեծ Բրիտանիայում միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների դարաշրջանը մոտենում է ավարտին. առողջապահության նախարարությունը ասում է, որ վեյփերի արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սկզբից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարծում է, որ անհրաժեշտ է արմատախիլ անել վեյփերը, որի ազդեցությունը առողջության վրա դեռևս ամբողջական բացահայտված չէ։
«Խոսեք ցանկացած ծնողի կամ ուսուցչի հետ, ինչպես ես արեցի այս առավոտ Դարլինգթոնի դպրոցում: Նրանք ձեզ կպատմեն երեխաների շրջանում վեյփերի տագնապալի աճի մասին: Մենք չենք ցանկանում, որ նրանք կախվածություն ունենան դրանից: Մենք մինչև հիմա չենք հասկանում վեյփերի երկարաժամկետ ազդեցությունն առողջության վրա, ուստի ճիշտ է, որ մենք վճռական քայլեր ձեռնարկենք դրանք արմատախիլ անելու համար, ինչը մենք անում ենք՝ արգելելով մեկանգամյա օգտագործման վեյփերը», - ասել է Սունակը:
Եվրանյուզը գրում է, որ քաղցրավենիքի համով մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտները շատ տարածված են դեռահասների շրջանում: Կառավարության տվյալներով, վերջերս երեխաների շրջանում վեյփերի օգտագործումը եռապատկվել է, և 11- 15 տարեկան երիտասարդների 9%-ն այժմ օգտագործում է այն:
Վեյփերը ներկայացվել են որպեսի ծխախոտի ավելի անվտանգ այլընտրանք, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող նիկոտինը մեծ կախվածություն է առաջացնում և հաճախ առաջացնում է գլխացավեր, անհանգստություն և կենտրոնանալու խնդիրներ:
Բրիտանական իշխանությունները մտավախություն ունեն, որ միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտներն ազդում են երեխաների առողջության վրա։
Այն նաև մտահոգություն է առաջացրել մանկական բժիշկների շրջանում, ովքեր ասում են, որ հարյուրավոր քաղցր համերով վեյփերն ակնհայտորեն ուղղված են երեխաներին, ոչ թե ծխելը թողնել փորձողներին:
«Հիմա վեյփինգն անկեղծորեն համաճարակ է երեխաների շրջանում, և այս վեյփերը չեն վաճառվում որպես ծխելուց հրաժարվելու միջոց, դրանք վաճառվում են գույների կալեիդոսկոպով, տարբեր համերով՝ ելակի, մաստակի», - ասել է Լոնդոնի «Էվելինա» մանկական հիվանդանոցի խորհրդատու մանկաբույժ Դոկտոր Ռոննի Չյուն։
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտն օգնում է թողնել ծխելը
- Հնդկաստանում արգելել են էլեկտրոնային ծխախոտը
- ԱՀԿ-ն էլեկտրոնային ծխախոտի դեմ պայքար է սկսել