Փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատանքից դժգոհ է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից նախօրեին ազատված և այսօր ձերբակալված 31-ամյա Անի Իսպիրյանը Հայաստան էր հրավիրվել 2020թ-ին՝ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով: Մինչ այդ նա բնակվում էր Մոսկվայում և որպես փորձագետ աշխատում էր ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունում:
Նախքան փոխնախարար նշանակվելը՝ 2020-2021թթ․ Իսպիրյանը հանդիսացել է «իԳործ» ծրագրի փորձագետը: Նշենք, որ «իԳործ»-ի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ փոխնախարարի աշխատանքից դժգոհ է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես 2023թ. դեկտեմբերին, երբ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու, զեկույցով է հանդես եկել նաև Անի Իսպիրյանը: Վերջինս, սակայն չի կարողացել պատասխանել իր համակարգման տիրույթում գտնվող ոլորտներին առնչվող հարցերին, ինչը վրդովեցրել է Փաշինյանին: Վարչապետն արձանագրել է, որ «ոչ կոմպետենտ» անձի է նշանակել նման պատասխանատու պաշտոնի և հորդորել է նախարարին՝ առաջարկել փոխնախարարին ազատման դիմում գրել: Սակայն, հաշվի առնելով նախարարության ծանրաբեռնվածությունը և ընթացիկ կատարողականի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև հարմար փոխարինող չգտնելու հանգամանքը, կառավարությունում որոշել են, այնուամենայնիվ չշտապել: Մեր տեղեկություններով, սակայն նախօրեին ԱԱԾ-ից վարչապետին զեկուցել են Իսպիրյանի՝ անօրինական գործարքներին մասնակցության մասին, ինչից հետո նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Ուշագրավ է, որ «անսպասելի» պաշտոնանկությունից երկու շաբաթ առաջ նույն այս փոխնախարարը կառավարության նիստին ներկայացրել էր «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու աղմկահարույց որոշման նախագիծը, որն ըստ մասնագետների, լի է անորոշ ձևակերպումներով, իսկ բուն գործարքն ըստ փորձագետների՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկեր է պարունակում:
Հիշեցնենք, որ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ Անին իրեն ասել է, որ ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում, իրենք պատրաստվում են տեղափոխվել։ Եվ տեղափոխվելուց մի քանի օր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք շահառուներին անհիմն փոխհատուցել է 238.4 մլն դրամ. ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման մասին
- Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ. ՔԿ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան