Ես չէի ուզի սեռի հիմքով տարբերակում առանձնացնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ Էկոնոմիկայի նախարարության կին աշխատակիցների ձերբակալման մասին
«Իրավահավասարության սկզբունքի երաշխավորման տեսանկյունից ես չէի ուզի սեռի հիմքով տարբերակում առանձնացնել այստեղ»,-կառավարության դիմաց տված հարցազրույցում հայտարարեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ գնահատելով այն երևույթը, որ իշխանությունները խմբերով կանանց է ձերբակալում և տանում քրեական ենթամշակույթի միջավայր։
Օմբուդսմենն առաջարկեց հարցը քննարկել այլ հարթությունում՝ ազատությունից զրկման հիմքերի իրավաչափությունը պահպանվում է, թե ոչ։
«Իրականում, կալանքի ինստիտուտի կիրառման առումով Հայաստանը միշտ էլ խնդիրենր ունեցել է, այն նոր չէ և պարբերաբար դրա վերաբերյալ բոլոր իրավասու մարմինները խոսել են»,- հայտարարեց Մանասյանը և հավելեց, որ իր հիմանկան լծակը մարդու իրավունքների գործառույթներին վերաբերելի աշխատանքներն իրականացնելն է՝ մասնավորապես տարեկան կամ, անհրաժեշտության դեպքում, արտահերթ հաղորդումների տեսքով։
ՀՀ ՄԻՊ-ը հայտնեց, որ տարեկան հաղորդման շրջանակներում այդ հարցին կանդրադառնա։
Արձագանքելով դիտարկմանը, որ ինքը ընկալվում է որպես ՀՀ գլխավոր դատախազի ընկերուհի և ՔՊ-ի նշանակած պաշտոնյա՝ Մանասյանն ասաց. «Ինձ ընդհանրապս չի հետաքրքրում հանրային առումով պոպուլյար լինելը։ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և ապագայում պատրաստվում եմ մասնագիտական գործունեությամբ զբաղվել, նախկինում այդ գործունեության մեջ հաջողություներ ունեցել է և հույս ունեմ, որ ապագայում էլ կունենամ»։