«Ժողովուրդ». Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի քրեական գործը ավարտական փուլին է մոտենում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը ավարտական փուլին է մոտենում, ասել է թե՝ նախաքննական մարմինը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի:
Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետևանքով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը և Նորայր Սաֆարյանը կալանավորված են: Գրել էինք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:
Հավելենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին և նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։
Նրանք ծանուցագիր էին ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։
Բանն այն է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում. այն 2020թ.-ի դրությամբ 263 մլն 981 հազար դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին և Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չեն ներկայացրել: Թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։