«Ժողովուրդ». Ինչ կապ ունի 40 մլն 54 հազար դրամ հատկացումը իրավապահների բացահայտումների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել Էկոնոմիկայի նախարարության գնումների վարչության աշխատակիցների և ղեկավարների բնակարաններում, ինչպես նաև խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս նաև ձերբակալվել է։ Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գնումները, նկատեց, որ հունվարի 26-ին նախարարությունը Վարդան Կոստանյանին փոխանցել է 40 մլն 54 հազար դրամ, իսկ գնման առարկայի անվանումը Կոստանյանի պաշտոնն է՝ առևտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Վարդան Կոստանյանը 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով։
Բանն այն է, որ Կոստանյանի պաշտոնավարման ժամկետը հուլիսի 1-ին լրանալու է, իսկ հատկացումն արված է մինչև դեկտեմբերի 31-ը։ Ներկայացնենք, թե ինչի համար է նախատեսված 40 մլն դրամը կամ գրեթե 99 հազար ԱՄՆ դոլարը, որը տրամադրվել էր ՀՀ պետբյուջեից։
Այսպիսով, նշված գումարից 15 մլն դրամը Կոստանյանի վարձատրությունն է, 6 մլն դրամը բնակարանի վարձակալության և յուրաքանչյուր երեխայի համար տրվող հավելավճարն է։ 18 մլն 572 հազար դրամը նախատեսվել է պահպանման այլ ծախսերի համար, որը ներառում է տրանսպորտի ապահովագրություն և պահպանում, գույքի և տեխնիկայի ապահովագրություն, գործուղման ծախսեր և այլն։ Ինչ կապ ունի այս հատկացումը իրավապահների բացահայտուների հետ՝ ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ խոշոր ծախսերից մեկն այս ամիս Էկոնոմիկայի նախարարությունում դա է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։