Պարույր Սևակ-100. Տաղանդավոր մարդիկ թշնամիներ շատ են ունենում
Ազգային գրադարանում բացվեց Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված գրքային ցուցահանդես և կայացավ հանրային բանախոսություն։
Ցուցադրությունում ներկայացված են Սևակի՝ կենդանության օրոք հրատարակված գրքերը, նրա թարգմանած ու խմբագրած հրատարակությունները և բազմաթիվ այլ գրքեր և նյութեր։ Առաջին անգամ ցուցադրվել է «Մարդը ափի մեջ» գրքի համար Մինաս Ավետիսյանի նկարած էսքիզների պատճենները (բնօրինակները հրո ճարակ են դարձել)։
Միջոցառմանը արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացրեց Սևակի գրքերի ստեղծման, մերժման, գրքերի հրատարակման, արգելման պատմությունները։
«Սևակն արդեն համբավ ուներ համալսարանում ուսանելու տարիներին։ Տեսնում էին՝ ուրիշ տեսակ բանաստեղծ էր, կարդում էին ամսագրերում տպագրված բանաստեղծություններն ու ապշում էին։ Բայց գիտենք, որ տաղանդավոր մարդիկ թշնամիներ շատ են ունենում։ Չարկամ մարդիկ իրենց վերաբերմունքը շարունակեցին ողջ կյանքի ընթացքում»,- ասաց գրականագետը։
1940-ական թվականներին գրականության մեջ տարածված էր՝ Լենին, Ստալին, կոլխոզ, տրակտոր, փառաբանություն... «Դրանք որևէ կապ չունեն պոեզիայի ու գրականության հետ և հանկարծ այդ ամենի մեջ հայտնվում է Սևակը՝ ներքին երաժշտականությամբ, իր բառապաշարով ու իր մտածողությամբ»։
Խոսելով «Անլռելի զանգակատուն» պոեմի մասին, որը 1959 թվականին տպագրվում է նախնական տարբերակով, մի շարք փոփոխություններով վերահրատարակվում է 1966 թվականին, գրականագետն ասաց. «Այդ գիրքը ցնցող ազդեցություն ունեցավ։ Մի ամբողջ ժողովուրդ, որ սովորել էր կոլխոզական կյանքի վեպերին, շուռ եկավ դեպի պոեզիան։ Գիրքը կարդում էին ամենուր՝ դպրոցներում, համալսարաններում։
«Անլռելի զանգակատուն» պոեմը մեծ դեր խաղաց մեր հասարակական կյանքում՝ Կոմիտասի կերպարի ընկալման, ազգային գիտակցության զարթոնքի առումով։ Ասում են՝ 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, մեր ժողովուրդն անսպասելի, ինքնաբուխ լցվեց հրապարակներ և այլն։ Անսպասելի, ինքնաբուխ չէր, մեր ազգային մեծ գրողները վերադարձվել էին մեր ժողովրդին»,-ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը։
Երվանդ Տեր-Խաչատրյանը հպարտ է ու պարծանքով է ասում, որ Սևակի սանն է եղել, բարեկամը. «Իհարկել, հպարտություն է, բայց այդ մտերմությունը վնաս է բերել ինձ։ Չեմ կարող շատ մանրամասներ ասել, բայց չար, նախանձ մարդիկ կային, թե նա ով եղավ, ինչ է իրենից ներկայացնում, որ Մինասը նրան 4 անգամ նկարի և այլն։ Բանը հասել էր նրան, որ հայհոյանքներով 4-5 գիրք է գրվել իմ դեմ։ Գրքերից մեկի խորագիրն էր՝ Տեր-Խաչատրյանի տեղը միայն դժոխքն է։
Հանրապետության այսպես կոչված անվանի գրականագետներից 1-2 գրել էին, որ եղել եմ պետանվտանգության գործակալ, սպանել եմ Սևակին, Մինասին։ Ես էլ գրեցի՝ բա Խորենացի, Աբովյան... նրանց ինչո՞ւ եք բաց թողնում։
3-4 հոգի էին Սևակի կողքը՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, նկարիչ Սարգիս Մուրադյանը, գրականության հետ կապ չունեցող Վազգեն Բաբայանը և ես։
Ես դպրոց եմ անցել։ Գրականություն եմ սովորել Սևակից, կերպարվեստ՝ Մինասից։
Մինասի պարագայում ինձ նրա կրտսեր ընկեր եմ համարում, Սևակի պարագայում՝ սանը։
Անձնապես շատ բան են ինձ տվել Սևակն ու Մինասը, բայց կյանքի առումով շատ մեծ դառնություններ եմ տեսել այդ երկու մարդու հետ մտերիմ լինելու պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը. Հովիկ Չարխչյան
- Պարույր Սևակի ծննդյան օրն է
- Սևակյան տարվա մեկնարկը տրվեց «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդեսով
- Տարին սևակյան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան