Միայն անցյալ տարի քաղցկեղից մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով. Ավանեսյան
«Վերջին տարիներին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում արձանագրել է իսկապես մեծ հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում»,- Ջերմուկում Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի բացման խոսքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ, ունենք մահացության նվազում, որը տարեցտարի արձանագրվում է: Միայն անցյալ տարի մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով: Այս ցուցանիշները հուսադրող են թվում, բայց արդյոք մենք պետք է բավարարվենք այս ցուցանիշներով: Իհարկե, ոչ։ Մենք հասկանում ենք, որ այնուամենայնիվ, պետության կողմից հոգածության շրջանակի ընդլայնումը, պետպատվերի մեծացումը, հասանելիության մեծացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումները, ենթակառուցվածքների փոփոխությունները, մեր մասնագետների շարունակական կրթությունը ընթացիկ բարելավումներ են, բայց դեռ հատվածական են:
Առողջապահության նախարարության և կառավարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը, որ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի և փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին, իհարկե, ապահովագրական համակարգի ներդրումն է:
Այն իր մեջ ներառում է նաև որակի վերահսկման համակարգերի ներդրում, էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրում, կանխարգելման շեշտադրում, ռիսկի ֆակտորների նվազեցում:
Ինչքան մենք երկարացնենք մարդկանց կյանքը, այո ոչ վարակիչ հիվանդությունների համամասնությունը փոխվելու է Հայաստանում: Եթե այսօր սրտանոթային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է, տարիների ընթացքում, կյանքի միջին տևողության երկարացման և որակի բարելավման պարագայում մեզ մոտ քաղցկեղով հիվանդություններն աճելու են:
Սա նշանակում է, որ մեր ուշադրությունը թե առողջ ապրելակերպին, թե ռիսկի ֆակտորների նվազեցմանը, թե կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը շատ ավելի կարևոր է դառնում, որպեսզի առողջապահությունը մշտապես աճող ֆինանսական կարիքների շրջանակներում կարողանա բավարարելն մեր ժողովրդի անընդհատ ավելացող առողջապահական կարիքներն ու ակնկալիքները»,- ասաց Ա. Ավանեսյանը։