Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին անհետացման եզրին է
«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունն ահազանգում է, որ Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված: Կազմակերպությունը մտավախություն ունի, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի ինչպես Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։
«2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա մեկնարկել է բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մեջ, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունքին չհանգեցրին։ Կառուցվել է հյուրանոց, որը բացի եկեղեցու հիմքը վնասելուց, լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության կառուցման պատճառով կորցնում է իր ճարտարապետական արժեքը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին կիրակնօրյա մեկ պատարագից հետո, Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և աղոթք։ Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անմատչելի է` մի կողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից` հավանաբար, նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները` բավականին մեծացել են, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ:
Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, որի համաձայն տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի:
Կոչ ենք անում բոլոր նրանց, ում պարտականության մեջ է մտնում այդ հարցը, ուշադրություն դարձնել ժամանակին, քանի դեռ ուշ չէ։
Հույս ունենք, որ դեպի Եվրոպա քայլող Վրաստանի կառավարությունը պատմամշակութային արժեքներին ճիշտ վերաբերմունք կցուցաբերի»,- նշում են «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունից։
Հայտնի է, որ 18-ից 19-րդ դարերում Թբիլիսիում բնակվող հայերը եղել են ինչպես բնիկ, այնպես էլ այլ բնակավայրերից տարբեր պատճառներով այստեղ տեղափոխվածներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Գանձակից և հարակից բնակավայրերից, Արցախից, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակավայրերից Թիֆլիս տեղափոխվել են բազմաթիվ հայեր։ Նրանցից շատերը բնակություն են հաստատել իրար մոտ և հիմնել այսպես ասած ներհայկական համայնք, ինչպիսիք են Շամխորեցիք, Էջմիածնեցիք և այլն։ Նրանց կառուցած եկեղեցիները, բնակության վայրերը սկսել են կոչվել իրենց ընդհանրական անուններով։ Այսպես է բացատրվում Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու անվանումը, այսինքն՝ Շամքոր քաղաքից և հարակից բնակավայրերից Թբիլիսի տեղափոխված հայերի եկեղեցի։ Հայտնի է նաև, որ եկեղեցին Շամխորեցոց էր կոչվում նախքան 18-րդ դարի հիմնովին վերակառուցումը։
Եկեղեցին հայտնի է նաև որպես Կարմիր Ավետարան, որը ժողովրդական անվանում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին