Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքը կվերահրատարակվի, որտեղ կլինեն երկու-երեք տասնյակ անտիպ գործեր
Այս տարի Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքը կվերահրատարակվի, որտեղ կլինեն երկու-երեք տասնյակ անտիպ գործեր, որոնք ժամանակին սովետական գրաքննության կողմից արգելված էին։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Սևակ Ղազարյանը, ով ուսումնասիրում է նաև Սևակի արխիվը։
«Այդ ամբողջը հավաքագրել եմ ձեռագրերից, մեքենագիր նյութերից, վերականգնել, բոլորովին նոր ու ծավալուն «Մարդը ափի մեջ» կունենանք, որը Սևակի 100-ամյակի առիթով շատ լավ նվեր կլինի սևակասերներին»,- նշեց նա։
Գրականագետի ներկայացմամբ, գործերը, որոնց տպագրությունը խորհրդային շրջանում արգելվել է, գրաքննիչները դրանք ընկալել են քաղաքական բնույթի, հակասովետական. «Օրինակ, հենց «Մարդը ափի մեջ» ժողովածուում Սևակն ունեցել է ազատության մասին բանաստեղծություն։ Դրա տպագրությունն արգելվել է, քանի որ ազատության մասին է։ Այսինքն, հիմնականում ճշմարտախոսությանը վերաբերող գործերն էին արգելվել»։
Սևակ Ղազարյանն ասաց, որ Պարույր Սևակ ունի նամակներ, նաև հուշագիրներն են պատմում, թե ինչպես էր զայրանում, որ արգելում էին տպագրել գործերը։
««Եղիցի լույս» գրքի առիթով շատ են նման գրությունները, թե որքան է զայրացած, որ չեն թողնում այն դուրս գա։ Ըստ որում, ինքը գնում էր փոխզիջումների, պատրաստ էր մի քանի գործ, հատվածներ հանել, միայն թե գիրքը լույս տեսներ, հասներ ընթերցողներին։
«Եղիցի լույսը» տպվեց, բայց տպարանում բանտարկվեց երկու տարի՝ 1969-71 թվականները՝ մինչև Սևակի մահը։ Միայն մահվանից հետո իշխանությունները թողեցին գիրքը տարածվի հանրության մեջ։ Այդ ժամանակ 25 հազար տպաքանակը սպառվել էր մի քանի օրում»,- պատմեց գրողի թոռը՝ Սևակ Ղազարյանը։
Նա նշեց, որ, ցավոք, ֆիզիկապես երբեք չի շփվել գրողի հետ, բայց նրա ձեռագրերի, նյութերի հետ աշխատելիս, կողքին է զգում. «Ուսումնասիրելով արխիվը, անտիպերը, անընդհատ բացահայտումներ եմ անում, նոր բաներ իմանում։ Երբ աշխատում եմ նյութերի հետ, կարծես կողքիս լինի, կենդանի լինի, քո հետ լինի։ Այդ բացահայտումները շարունակական պրոցես է, քանի որ արխիվն անընդհատ ուսումնասիրում եմ ու անընդհատ Սևակն ինձ համար էլ ավելի է բացահայտվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պարույր Սևակ-100. Տաղանդավոր մարդիկ թշնամիներ շատ են ունենում
- Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը. Հովիկ Չարխչյան
- Պարույր Սևակի ծննդյան օրն է
- Սևակյան տարվա մեկնարկը տրվեց «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդեսով
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան