Երկու պոչամբար կռեկուլտիվացի, «Նահատակի» պոչամբարը կմնա բարձիթողի վիճակում
Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսել է երկու պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքներ, որոնցից մեկը Լոռվա մարզում է, մյուսը՝ Սյունիքում։
Ռեկուլտիվացիան իրականացվում է խախտված տարածքների վերականգնման (ինչպես օրինակ՝ ծանր մետաղներով լցված պոչամբարներն են) և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով։
«Մենք ունենք առանձնացված տասն օբյեկտ, որոնք ենթակա են ռեկուլտիվացման։ Այս պահին երկու պոչամբարի՝ «Նազիկ» և «Փխրուտ» պոչամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերն ենք պատրաստել, առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել բուն ռեկուլտիվացիայի գործընթացը։ Նաև ասեմ՝ միջազգային ծրագրի շրջանակում նախատեսում ենք որոշակի ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնել Կապանի «Կավարտի» հանքում։ Նաև ուզում ենք հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանում կան այլ օբյեկտներ, որոնք ենթակա են ռեկուլտիվացիայի»,- մեր հարցին, թե արդյո՞ք այս տարի նախատեսված են պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքներ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք Լոռու մարզում գտնվող «Նահատակի» պոչամբարը ներառված է ցանկում։ Սիմիդյանն ասաց՝ դեռևս վերանայում են օբյեկտները և ուսումնասիրություններ իրականացնում։
Այսուհանդերձ,Լոռու մարզից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ՇՄՆ-ն հետևողական չէ «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիավացիայի իրականացման հարցում։
Նշենք, որ «Նահատակ» պոչամբարը գտնվում է Ալավերդի համայնքի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի վարչական տարածքում։ Այն կուտակված են Ախթալայի ԼՀԿ-ի կողմից շահագործված հանքավայրի արտադրական թափոնաջրերը։ Ըստ 2021 թվականի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի՝ «Նահատակ» պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր մինչև 2023 թվականի ավարտը։
«Նահատակի պոչամբարը պետք է 2023թ․-ին ռեկուլտիվացված և ավարտված լիներ, բայց եթե հիմա գնանք Նահատակի պոչամբարի մոտ, կտեսնենք, որ ինչ-որ հողային ծածկույթներ լցվել են։ Մոտավոր կարող եմ ասել, որ դրանք կազմում են ընդհանուր պոչամբարի մակերեսի շուրջ 20 տոկոսը, իսկ ընդհանուր պոչամբարը մնում է նույն ձևով՝ մեծ, վախեցնող և շրջակա միջավայրին վնաս հասցնող։ Այս պոչամբարի ռեկուլտիվացիայի մասով ՇՄՆ-ն չի իրականացրել պատշաճ վերահսկողություն։ Փաստացի՝ խախտվել է օրենքը և որևէ վերաբերմունք հասարակությունը չի տեսնում։ Օրինակ՝ հայտարարության տեսքով առ այն, որ գործընթացները հետաձգվում են այս կամ այն պատճառով, ենթադրենք՝ նոր ՇՄԱԳՓ պետք է իրականացվի կամ գուցե այլ պատճառով հետաձգվել են աշխատանքները։ Այսինքն՝ պոչամաբրի ռեկուլտիվացիայի գործընթացը բարձիթողի վիաճկում է գտնվում և չգիտենք,թե ինչ ընթացք է սպասվում։ Բազմիցս բարձրաձայնել ենք, որ անհրաժեշտ է իրականացնել ռեկուլտիվացիան, սակայն գործն այդպես էլ առաջ չի գնում, արձագանք չկա։ Պոչամբարը չի ռեկուլտիվացվել և շարունակում է վնասել մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին։ Պոչամբարը շարունակում է իր գոյությունը բաց երկնքնի տակ, իսկ շուրջն ապրում են»,- ասաց ՀԿ ղեկավարը։
Ինչ վերաբերում է «Նազիկի» պոչամբարին, որը նույնպես գտնվում է Լոռու մարզի Ախթալա համայնքում, ապա Դուլգարյանը հիշեցրեց, որ այն մեկ անգամ արդեն ռեկուլտիվացվել է, թեև անհաջող։
«Ռեկուլտիվացման ենթակա նշված երկու պոչամբարներից մեկը «Նազիկի» պոչամբարն է։ Այն գտնվում է Ախթալայի եկեղեցու ներքևի հատվածում։ Այնտեղ վերառեկուլտիվացիոն աշխատանքներ պետք է իրականացվեն: Ժամանակին իրականացվել են ռեկուլտիվացիայի աշխատանքներ, սակայն՝ անորակ։ Այն շարունակում է մեծ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Այժմ փորձ է արվում ոչ թե ռեկուլտիվացիայի, այլ վերառեկուլտիվացիայի»,- ասաց Դուլգարյանը։
Այս համատեքստում, բնապահպանական ՀԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանում չկա ռեկուլտիվացիայի գործընթացներն իրականացնող փորձառու կազմակերպություն։
«Այն կազմակերպությունը, որն ընտրվել է «Նազիկի» պոչամաբարի նախագիծը կազմելու համար, նրա համար ևս առաջին փորձն է։ Թեև ուսումասիրում են միջազգային փորձը և փորձում են այն կիրառել Հայաստում»։
Հավելենք, որ «Նազիկ» պոչամբարը ռեկուլտիվացվել է 2012 թվականին։ Այն նույնպես շահագործել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Պոչամբարը շահագործվել է 1967-1988 թթ., ապա կոնսերվացվել է: 2000-ականների սկզբին կրկին սկսել է շահագործվել, բայց 2010-ին վերջնականապես փակվել է:
Ինչ վերաբերում է «Փխրուտի» պոչամբարին, ապա այն գտնվում է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում՝ Փխրուտ գյուղի մոտ, Ողջի գետի աջափնյա վտակի վրա։ Այս պոչամբարը շահագործվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից:
Երկու պոչամբարներն էլ շարունակում են մեծ ռիսկեր ներկայացնել շրջակա միջավայրի և հարակից բնակավայրերի բնակիչների առողջության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան