Գուրգեն Ներսիսյան. Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որ Հայաստանում փաստաբանությամբ է զբաղվում, ստանձնել է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից Տարոն Մարտիրոսյանի շահերի պաշտպանությունը։
Վերջինը նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետն է։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման ենթադրյալ դեպքերի առչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, ում շահերը քրեական վարույթի ընթացքում ներկայացնում եմ ես:
Չնայած անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի գոյությանը, քրեական վարույթին զուգահեռ հրապարակվում և շրջանառվում են այնպիսի տեղեկություններ, որոնք գրեթե ոչնչացնում են այդ սկզբունքի պաշտպանիչ դերը և հանրային ընկալումներում ձևավորում անձի բացասական կերպար՝ իր կանխատեսելի ու անկանխատեսելի անդառնալի հետևանքներով:
Վերոգրյալից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ մեղադրանքի առնչությամբ, վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը, իր պաշտոնեական լիազորությունները չի չարաշահել, ավելին, իր ձեռնարկած միջոցներով մշտապես փորձել է նպաստել պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը:
Հուսով ենք՝ ամենակարճ ժամկետում նախաքննական մարմինը կհավաստիանա Տ.Մարտիրոսյանի անմեղության մեջ և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացվի:
Ամեն դեպքում մեր կողմից բողոքարկվելու է Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, քանի որ այն հիմնավոր չէր, իսկ նախաքննական մարմնին առաջիկա օրերին ներկայացվելու են Տ.Մարտիրոսյանի անմեղությունը հավաստող մի շարք գրավոր ապացույցներ:
Մտահոգիչ է այս գործին առնչվող՝ մեկ այլ մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ իր պաշտպանյալին առաջարկվել է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ, հակառակ պարագայում սպառնալով կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Հուսով ենք, որ նմանօրինակ երևույթներն ամբողջությամբ կբացառվեն ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ջանքերով և դրանք որևէ ազդեցություն չեն ունենա սույն գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված դատավարական գործընթացի վրա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները