Կասկածելի նվիրատվություն. Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի
ՀՀ կառավարությունը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերն ընդունել է առանց դրանց իրական շուկայական արժեքը պարզելու, առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու, հայտնում է News.am-ը՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատախան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները:
«Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար»,-պարզաբանել են նախարարությունից՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ պայմանով, կամ ինչի՞ դիմաց են ընդունել նվիրատվությունը: Հարցին՝ արդյոք կառավարությունը միջոցներ ձեռնարկե՞լ է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում արտաքին աուդիտ իրականացվի՝ պարզելու, թե պարտավորությունների ինչպիսի՞ կառուցվածք ունի ընկերությունը (երկարաժամկետ, կարճաժամկետ, ժամկետանց, անհուսալի պարտքեր և այլն), նախարարությունից պատասխանել են.
«Նախքան նվիրատվություն ընդունելու որոշում կայացնելը՝ ՀՀ կառավարությունն ամիսներ շարունակ աշխատել է ընկերության հետ, ուսումնասիրել է առկա տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ վստահ լինելու համար, որ վերջնական որոշումը բխելու է պետության շահերից»:
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտն իրականացնում են մասնագիտացած աուդիտորական կազմակերպությունները, որոնց խնդիրն է աուդիտի ենթարկվող կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումը՝ այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով:
Մինչդեռ նախարարության պատասխանից հետևում է, որ կառավարությունը որևէ կազմակերպության չի պատվիրել արտաքին աուդիտ իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունում, իսկ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա տրամադրված եզրակացությունը, անկախ գնահատելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հայտնի չէ նաև, թե ի՞նչ ստանդարտներով է կառավարությունն իրականացրել ուսումնասիրությունը: Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:
Պարզվում է, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական (իրական) արժեքը՝ հավանաբար առանջնորդվելով «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում» սկզբունքով՝ առանց գնահատելու կասկածելի նվիրատվության բոլոր հնարավոր հետևանքները:
«Քանի որ ընկերությունը Փակ բաժնետիրական ընկերություն է, նրա բաժնետոմսերը ցուցակված չեն շուկայում, հետևաբար նրանց համար այս պահին սահմանված չէ ճշգրիտ շուկայական արժեք»,-պարզաբանել են նախարարությունից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան Արմենիան» չի էլ փորձում շահագործել հանքավայրը․ Զարաֆյան
- Թեհմինե Ենոքյան. Հայաստանի կառավարությունը, դառնալով ԶՊՄԿ-ի ու Լիդիանի բաժնետեր, ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար
- Լուրջ հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ՝ երկրի համար կորուստներով. Վարդանյանը՝ «Լիդիան»-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան