Թուրք ուսանողը թեզ է գրում հայ աստղագետ Փարիս Փիշմիշի մասին
Օրեր առաջ հայտնի հայազգի աստագետ Փարիս Փիշմիշի ծննդյան օրն էր։ Նրա անունը գիտության և աստղագիտության ոլորտի բոլոր մասնագետներին է հայտնի։
Բյուրականի աստղագիտարանից հայտնում են, որ Ստամբուլի համալսարանի ուսանողուհի Տուբա Քյոսեօղլուն հայազգի մեքսիկացի աստղագետ Փարիս Փիշմիշի մասին մագիստրոսական թեզ է գրում գիտության պատմության բնագավառում։
Փարիս Փիշմիշը (Մարի Սուքիասյան, հաճախ գրվում էր Փարիս Մարի Փիշմիշ) ծնվել է 1911թ․ հունվարի 31-ին Կոնստանտնուպոլսում (Ստամբուլ, Թուրքիա): Ինչպես շատ հայեր, նրա ընտանիքը նույնպես Մեծ Եղեռնից հետո փոխել է ազգանունը (և ընտանիքի անդամների անունները)՝ դառնալով Փիշմիշ, որն ի դեպ թուրքերեն նշանակում է «թխված»։ Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամերիկյան վարժարանում: Այնուհետև` դառնալով Ստամբուլի համալսարան հաճախող առաջին կանանցից մեկը, 1933թ-ին ավարտում է այն փայլուն ցուցանիշներով: Դեռևս ուսանողական տարիքում աշխատակցում է Ստամբուլի համալսարանի աստղադիտարանին: 1935-36թթ. դասավանդում է Ստամբուլի Կեդրոնական Սանասարյան վարժարանում, ապա տեղափոխվում ԱՄՆ: Հետաքրքրական է, որ այն տարիներին կանայք գիտության մեջ չէին խրախուսվում (նույնիսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում) և չափազանց դժվար էր տեղ գտնել պրոֆեսիոնալ աստղադիտարանում: Այդ պատճառով սկզբում Փիշմիշն աշխատում է որպես թարգմանիչ, այնուհետև որպես օժանդակ գիտակաշխատակից Էրվին Ֆինլի-Ֆրոյնդլիխի մոտ, ով հետագայում նրան օգնեց հաճախել Հարվարդի համալսարան: Փիշմիշն ընդունվում է Հարվարդի համալսարանի գիտությունների ֆակուլտետ, ավարտում այն և 1937թ. ստանում մաթեմատիկայի գծով գիտությունների դոկտորի աստիճան:
1942թ-ին ամուսնանալով մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ռեսիյասի հետ՝ Փիշմիշը տեղափոխվում է Մեխիկո 1948թ., որտեղ նա աշխատանքի է անցնում Տակուբայայի ազգային աստղադիտարանում, որը Մեքսիկայի ազգային ինքնավար աստղադիտարանի (UNAM) մի մասն էր կազմում: Ըստ էության, Փիշմիշը Մեքսիկայում առաջին կին աստղագետ դոկտորն էր։ Նա 50 տարուց ավել աշխատել է UNAM-ում, որտեղ 1985թ. ստացել է Պատվավոր աստղագետի կոչում (Astronomo Emerita): 1986-ին Փիշմիշին շնորհվել է նաև Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (Honoris Causa):
Փարիս Փիշմիշի գիտական աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը: Նրա գլխավոր հետաքրքրությունը Գալակտիկայի կառուցվածքն էր: 1959թ-ին հրապարակվել է Գալակտիկայի բաց ատղակույտերի Փիշմիշի կատալոգը։ Աստղաֆիզիկայի տարբեր թեմաներով Փիշմիշը հրապարակել է ավելի քան 135 գիտական աշխատանք, այդ թվում հոդվածներ միջազգային հեղինակավոր աստղագիտական ամսագրերում:
Մեծ էր Փիշմիշի մանկավարժական գործունեությունը և նրա դերը մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ: Մեքսիկացի նշանավոր աստղագետ Գիյերմո Հարոյի (Guillermo Haro, 1913-1988) հետ միասին նրան անվանում են ժամանակակից մեքսիկական աստղագիտության հիմնադիրներից մեկը։ Նա հաճախ գլխավորել է մեքսիկական աստղագետների պատվիրակությունը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) համագումարներում և միջազգային այլ կարևոր գիտաժողովներում։ Աստղագիտության պատմության մասնագետները Փիշմիշին դասում են բոլոր ժամանակների ամենահայտնի կին աստղագետների շարքը։ Մասնավորապես, երբ ՄԱՄ-ի կողմից տպագրվեց «Կին աստղագետներ» օրացույցը, 12 նշանավոր կին աստղագետներից մեկը հենց Փարիս Փիշմիշ էր։
Փարիս Փիշմիշը վախճանվել է 1999թ․ օգոստոսի 1-ին։ Մեքսիկայում` Աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա)։ Ներկայումս այդ ինստիտուտում աշխատում է Փարիս Փիշմիշի դուստրը` նույնպես աստղագետ Էլզա Ռեսիյաս-Փիշմիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան