Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, որպեսզի այսպիսի աբսուրդով զբաղվեն. Լևոն Քոչարյան
«Այդ գործով ես հայտնվեցի ազատության մեջ, քանի որ պատգամավորական մանդատ ստացա, բայց գործը չէր փակվել, շարունակվում էր հարցաքննությունները և առերեսումները»,-ԱԺ-ում կազմակերպած ճեպազրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով սեպտեմբերի 22-ին ակցիաներից մեկից իրեն բերման ենթարկելու և ոստիկաններին ծեծելու մեջ մեղադրելու գործին, այն դեպքում երբ, ըստ նրա, ճիշտ հակառակն էր եղել, ինչը տեսել էին բոլորը։
Քոչարյանը տեղեկացրեց, որ նախորդ օրն իրեն և Սերգեյ Ասատուրովին կանչել են քննչական կոմիտե, գործի ավարտ հայտարարել, բայց շատ անհասկանալի ձևով Սերգեյ Ասատուրովին, որն իր ընկերն է, մեղադրանք են առաջադրել նույն հոդվածով և հասկանալի չէ, թե ինչի համար։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ մեղադրանքի նկարագրության փոփոխություն է տեղի ունեցել, նորից հարցաքննություն անցկացրեցին և գործն ուղարկեցին դատարան։
Գործի մանրամասների վերաբերյալ խոսելու մասին լրագրողի հորդորին՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Հատուկ հարցրեցի քննիչին այդ հարցով, և մի քանի օրից, երբ որ գործը գնա դատարան, նախաքննական գաղտնիքով մենք կաշկանդված չենք լինի, ավելի բաց կլինի խոսելն այդ ամեն ինչի մասին և բոլորը կծանոթանան այդ աբսուրդին։
Հայաստանի Հանրապետության հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին որպեսզի այսպիսի աբսուրդով զբաղվեն։ Ուղղակի ծիծաղելի է»։
Լևոն Քոչարյանը հայտնեց, որ իր մեղադրանքը կայանում է նրանում, որ մի քանի ոստիկան կեղծ ցուցմունք են տվել, թե իբր ինքն իրենց հարվածել է, ինչը չի հաստատվել ո՛չ դատաբժշկական փորձաքննությամբ, ո՛չ տեսանյութերով։
Պատգամավորի խոսքով՝ կա բացված երկրորդ գործ, քանի որ երբ իրեն տարել են Շենգավիթի ոստիկանության բաժին և իր փաստաբանը տեսել է իր վիճակը, վնասվածքները՝ հաղորդում էր տվել հանցագործությունների մասին՝ իրեն ոստիկանների կողմից խոշտանգման մասով, բայց այդ մասով քննությունն առաջ չի գնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան