Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս. Տիգրան Աբրահամյան
«Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահիճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը համառորեն պնդում ու հասարակությանը համոզում էր, որ եթե 2021 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի, ապա դա նոր պատերազմական գործողությունների է բերելու:
«Դա այն ժամանակներն էր, որ իշխանությունը առաջ էր մղում տխրահռչակ «խաղաղության դարաշրջան» ձևակերպումը»,- նշեց Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, թե 2022-ին ինչ էր ասում իշխանություն. եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի՝ ձեռքի հետ էլ պայքարի դուրս եկած անձանց, խմբերին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ:
«2023 թվականի նույն իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ սինքրոն համոզում էր հանրությանը, որ ռևանշիստական ուժերն են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային և տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն: Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս:
2024 թվականին իշխանությունը հանրությանը փորձում է մանիպուլացնել այլ թեմա հանրային օրակարգ բերելով՝ Սահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որպեսզի պատերազմ չլինի: Մեռաք ձեր ասած 29800 քառակուսի տարածքը հանձնելով, թե բա կարմիր գիծ է, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն: Ո՞ւր է:
Այս հասարակությունը, որը տեսել է, թե ինչպես իշխանությունը խոստացել-ֆռացրել-խաբել ու արել ճիշտ հակառակը, արդեն ամեն ինչ գիտի նույն իշխանության վարքի ու որակների մասին: Բանակցային գործընթացը բերել են հասցրել մի կետի, երբ արդեն հստակ չի, թե ինչի՞ շուրջ է իրական բանակցությունները, որո՞նք են այն փաստաթղթերը որոնք գոյություն ունեն կամ չունեն: Այդքան չարչրքված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ո՞ւնի, թե՞ չունի: Եթե ունի, ապա
ո ՞ւր են Արցախում ապրող հայերն ու այդ փաստաթղթով նրանց տրված անվտանգային երաշխիքները: Եթե դա գոյություն չունի, ապա ինչո՞ւ և ո՞ւր է Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը»,- իր ելույթում ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ մեր իրականությում մարդիկ արդեն հստակ գիտեն, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է՝ քանի իրենք կան՝ նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն. Գեղամ Նազարյան
- Փաշինյանի փիլիսոփայության շարունակություն կլինի՝ այդ ինչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները